Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արման Նավասարդյան. Կոշկակարը պետք է կոշիկ կարի, դիվանագետը՝ դիվանագիտությամբ զբաղվի, իսկ գողը՝ բանտում նստի

$
0
0

 Հայաստանում ապրիլյան պատերազմի ռազմական հետևանքների մասին խոսվում է՝ կորցրած 800 հա տարածքը և, իհարկե, շուրջ հարյուր զոհի տեսանկյունից: 1994 թ. ստատուս-քվոյի փոփոխության մասին, ինչը հանգեցրեց Ղարաբաղի շուրջ բազմաշերտ դիվանագիտական ակտիվության, չգիտես ինչու, ընդունված չէ խոսել: Ձեր կարծիքով, արդյո՞ք դրանից եզրակացություններ են արվել Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատուների կողմից:

 

 

Հիմնական տեղեկատվության բացակայության պայմաններում ես զերծ եմ մնում հրապարակային եզրակացություններից և հայտարարություններից: Այսօր մենք չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունենում Ղարաբաղի շուրջ: Բայց այն, որ այնտեղ ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, երևում է նույնիսկ անզեն աչքով: Ըստ որում, անհասկանալի է, թե ընդհանրապես ինչու հնարավոր դարձավ ադրբեջանական բանակի ապրիլյան առաջխաղացումը: Ինչո՞ւ, պարզվում է, մեր բանակը բավականաչափ սպառազինություն, զինամթերթ չուներ: Այն, որ պետական կառավարման այլ օղակները, մասնավորապես՝ դիվանագիտությունը, ինչը մեզ մոտ արդարացիորեն քննադատության է ենթարկվում, այնքան էլ արդյունավետ չեն աշխատում, մենք վաղուց գիտենք: Բայց այն, որ մեր հաղթական ու անբասիր բանակն այնքան էլ անթերի չէր, տհաճ անակնկալ էր մեզ համար: Ապրիլին տեղի ունեցավ այն, ինչի մասին վաղուց իր տեսություններում գրում էր ամերիկացի քաղաքագետ Ժոզեֆ Նայ կրտսերը: Պարզվում է՝ hard power-ից և նույնիսկ soft power-ից բացի, այսօր հատուկ ակտուալություն է ձեռքբերել smart power-ը: Իսկ ՙուժ ունես՝ խելք պետք չէ՚ ասացվածքը կորցրել է իր ակտուալությունը: Եվ այսօր կարելի է մեծ ուժ ունենալ, բայց հաղթող չդառնալ:

 

Իսկ այդ տեսությունն այսօր կիրառելի՞ է ղարաբաղյան հակամարտության կողմերի դեպքում:

 

Շատ հնարավոր է: Համենայնդեպս, մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի նման փոքր պետությունները չեն կարող ունենալ թեկուզ հարևան նման պետությանը ջախջախելու կարողություններ: Եվ այստեղ հենց smart power-ի կիրառման կենսական անհրաժեշտություն է առաջանում:

 

Դուք ապրիլյան պատերազմը պատահակամությո՞ւն եք համարում:

 

Չեմ կարող դա ասել: Նույնիսկ չեմ ուզում մտածել, որ ինչ-որ մեկը, օրինակ՝ Ռուսաստանը, կարող էր հատուկ դրդել հակամարտության կողմերին դրա էսկալացիային, նոր անիմաստ զոհերի: Կարծում եմ՝ խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հակահայկական դավադրության մասին արմատապես սխալ է. կամ ես ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, կամ նման դավադրություն գոյություն չունի:

 

Գոյությու չունի, քանի որ նման դավադրությունն առաջին հերթին հակասում է հենց Ռուսաստանի շահերի՞ն:  

 

Անշուշտ: Ունենալով բազմաթիվ խնդիրներ՝ Մոսկվան այսօր չի ցանկանա կորցնել ռազմավարական վերջին դաշնակցին՝ ի դեմս Հայաստանի: Եվ դա Ուկրաինայում, Սիրիայում իրավիճակի պայմաններում, որտեղ Ռուսաստանի գործերն այսօր այնքան լավ չեն: Այս առումով Մոսկվան Էրդողանի հետ հաշտեցման գնաց ակնհայտորեն ոչ լավ կյանքից:

 

Այո, բայդ կարծում եմ, Դուք չեք հերքի, որ հենց Ռուսաստանի անհասկանալի դիրքորոշումն ապրիլյան իրադարձությունների առնչությամբ, Մոսկվայի կողմից ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելը բացասաբար անդրադարձավ Ռուսաստանի նկատմամբ հասարակական կարծիքի վրա:

 

Ռուսաստանցի գործընկերների հետ զրույցներում ես միշտ նշում եմ Մոսկվայի բազմաթիվ խնդիրների մասին արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականությունում: Եվ Դմիտրի Ռոգոզինի և Դմիտրի Մեդվեդևի ապրիլյան հայտարարությունները դրա վկայությունն են: Մոսկվայում շատերն ուղղակի չեն ցանկանում հասկանալ, որ Հայաստանի և ողջ հայ ժողովրդի հասցեին նման հայտարարություններ անելն ամենից առաջ Ռուսաստանի շահերից չի բխում:Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններն այսօր բնորոշվում են՝ որպես վասալի և սյուզերենի հարաբերությունները, իսկ Հայաստանի հետ կապված ցանկացած աննշան խնդիր ակնթարթորեն ուռճացվում է Մոսկվայում:

Մինչդեռ Թբիլիսիի հետ Մոսկվան միանգամայն այլ լեզվով է խոսում, քանի որ վրացիները բոլորովին այլ կերպ են վարվում Ռուսաստանի հետ հարաբերություններում:

 

Այսինքն՝ Մոսկվայի հետ ուղղահայաց հարաբերությունների մեղավորներին առաջին հերթին պետք է փնտրել սեփական ղեկավարությունո՞ւմ:  

 

Չեմ ցանկանում ասել, որ Մոսկվայի հետ ուղղահայաց հարաբերությունների մեղավորներին առաջին հերթին պետք է փնտրել սեփական ղեկավարությունում: Սակայն, այդ երկու խնդիրները, անշուշտ, սերտորեն փոխկապակցված են: Այստեղ առկա են թե՛ հայկական օլիգարխիայի խնդիրները, թե՛ Հայաստանի իշխանությունում կոռուպցիայի խնդիրները:

 

Իշխանությունում կոռուպցիայի…

 

Իշխանությունում կոռուպցիայի: Խոշոր պաշտոն զբաղեցնելով՝ պարբերաբար պետության գրպանը սողոսկելու հակումը հանգեցնում է նույն ռուսաստանցի գործընկերների հետ բանակցություններում մեծ դժվարությունների: Ըստ որում, հանուն արդարության պետք է նշեմ, որ Ռուսաստանում իրավիճակը ոչնչով ավելի լավ չէ: Սակայն, երբ ինձ ասում են, որ Հայաստանում նման վիճակի պատճառն այն է, որ ՙմենք փող չունենք՚, ես միշտ պատասխանում եմ՝ պատճառն այն է, որ մենք ուղեղ չունենք:

 

Ավելի վաղ Դուք նշել եք ՀՀ ԱԳՆ աշխատանքի անհրաժեշտությունն առնվազն տասնյակ երկրների, օրինակ՝ Ուրուգվայի հետ, որոնք պատրաստ են ճանաչել ԼՂՀ անկախությունը Հայաստանի կողմից այն ճանաչելուց հետո: Դա չի արվում կոնկրետ արտաքին պատճառներով, թե՞ ամեն բան հանգում է հայկական դիվանագիտության նույն պասսիվությանը:

 

Կարծում եմ, որ այստեղ, այնուամենայնիվ, երկրորդ պատճառն է: Դիվանագիտությունը ոլորտ է, որտեղ դիլետանտությունն աններելի է: Եթե սխալը սակրավորի կյանք է արժենում, ապա դիվանագետի սխալն այլ մարդկանց կյանք է արժենում: Այդ պատճառով դիվանագետին սխալվել կտրականապես չի կարելի:

 

Որքա՞ն կյանք արժեցավ ԱԳՆ վերջին սխալները:

 

ՀՀ ԱԳՆ վերջին սխալներն, առնվազն, ապրիլի սկզբին մեր շուրջ հարյուր տղաների կյանք արժեցան:

 

Ինչպիսի՞ չօգտագործված հնարավորություններ և չգործադրված ներուժ ունի մեր արտաքին քաղաքականությունը:

 

Այսօր ձեռնարկվող քայլերը սխալ ուղղությամբ են տանում: Հայկական դիվանագիտությանն անհրաժեշտ է առաջ շարժվել ժամանակին համընթաց: XXI դարը դիվանագիտական հեղափոխության դարաշրջան է՝ մեթոդների, մեթոդաբանության, հնարքների և այլն:  Նրանք, ովքեր դա չեն հասկանում և չեն կիրառում, շատ բան են կորցնում:

 

Իսկ ի՞նչ են թելադրում հայկական դիվանագիտությանը XXI դարի իրողությունները:

 

XXI դարի իրողությունները հայկական դիվանագիտությանը թելադրում են ազգային անվտանգության և պետականության ամրապնդում, որից Հայաստանը զրկված էր երկար տարիներ, այդ թվում՝ դրա պատճառով:  Բայց եթե մինչև վերջ անկեղծ լինենք, հայկական դիվանագիտության գործունեությունը պատշաճ հունի մեջ դնելու համար համակարգային մոտեցում է պետք: Անհնար է միայն ԱԳՆ աշխատանքը կարգավորել՝ ունենալով բացթողումներ կառավարչական և հասարակական բոլոր ոլորտներում: Վերջիվերջո, դիվանագիտությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Այդ պատճառով մեր խնդիրներն առաջին հերթին ներհամակարգային են:

 

Նկարագրեք իրավիճակից ելքի ուղիները:

 

Վլադիմիր Վիսոցկիի հերոս Գլեբ Ժեգլովն ասում էր՝ ՙգողը պետք է բանտում նստի՚: Ես դրան կավելացնեմ՝ կոշկակարը պետք է կոշիկ կարի, դիվանագետը՝ դիվանագիտությամբ զբաղվի, իսկ գողը՝ բանտում նստի: Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles