Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեծ քաղաքականություն մտնելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թույլտվության կարիքը չունի: Այս մասին հուլիսի 8-ին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, ինքը երբեք չի հեռացել քաղաքականությունից, միաժամանակ չհերքելով ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրությունները: Լրագրողների հարցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն ստիպված էր հեռանալ քաղաքականությունից, քանի որ նախագահը նրան արգելեց շարունակել գործունեությունը, Աբրահամյանը պատասխանել է «Ինձ ոչ ոք ոչինչ չի կարող արգելել»:
Նշենք, որ Աբրահամյանը բազմաթիվ անգամ հայտարարել էր կուսակցություն ստեղծելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Բայց նա ընդգծել էր, որ մտադիր չէ պահանջել իշխանափոխություն և նախագահի հրաժարականը, ավելին, մտադիր է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ցանկանում են Հայաստանի բարգավաճումը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից հետո ԲՀԿ ղեկավար Ծառուկյանն ստիպված էր հեռանալ մեծ քաղաքականոյթունից: Մասնավորապես, Ծառուկյանը հայ հասարակութւյանը կոչ էր անում ազգային համախմբման, որի նպատակը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Նրա խոսքով, ստեղծվեց իրավիճակ, որի արդյունքը կարող էր լինել իշխանափոխությունը` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Դրանից հետո, ՀՀԿ փետրվարի 12-ի նիստում, Սերժ Սարգսյանը կտրուկ քննադատության ենթարկեց Ծառուկյանին` նրա կեղծ քաղաքական գործունեության համար: Ծառուկյանը դուրս բերվեց երկրի Անվտանգության խորհրդի կազմից, քանի որ «երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որպեսզի երբ ուզում ես գաս և գնաս»: Ընդ որում, Սարգսյանն անդրադարձավ նաև Ծառուկյանի գրագիտության մակարդակին, հիշեցնելով նաև Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկի բազմաթիվ «մեղքերի» մասին շրջանառվող լուրերը: