ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գտնում է, որ Հայստանում ռուսաց լեզվի իմացությունը վատ մակարդակի վրա է: Այս մասին հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մեկնաբանելով ընդունելության քննությունների առաջին փուլը:
Ըստ նախարարի, այս տարի ռուսաց լեզվից թեստեր հաձնողների թիվը շատ քիչ է: Առաջին փուլի արդյունքներով, ըստ նախարարի, մոտ 30%-ն ստացել է անբավարար գնահատական: Սա, առաջին հերթին, խոսում է հանրային դպրոցների մակարդակի մասին, իսկ երկրորդը`թեստերի մասին, նշել է Մկրտչյանը: «Ինչպես նշում են մեր մասնագետները, թեստերը մի փոքր պարզեցված են, որ պահանջվող շեմը շատ հեշտ է հաղթահարել, իսկ դրանից ավելի պարզեցնել, առանց կրթության մակարդակը վնասելու, մեզ չի հաջողվի»,-հայտարարել է նա:
Նախարարը նշել է, որ ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները համահունչ են երկու տարի առաջ արձանագրված ցուցանիշներին: Այս տարի, ինչպես նշել է նախարարը, «ֆիզիկայի» վիճակն ավելի լավ է, քան անցյալ տարի, բայց մտահոգում է բնագիտության որակական մակարդակը: Կենսաբանության առարկայի գծով արձանագրված պրոբլեմների համատեքստում, ըստ նախարարի, քննարկումներ են եղել բուհերի ռեկտորների հետ: Որոշվել է կազմել սոցիալական խումբ, որը կմշակի բնական գիտությունների պահպանման և զարգացման հայեցակարգ:
Ինչ վերաբերվում է կրթական ողջ համակարգի վերանայման հնարավորությանը, քանի որ հայոց լեզվի միջին գնահատականները ցածր են օտար լեզուների գնահատականներից, նախարարը նշել է, այդ հարցին կարելի է վերադառնալ ընդհանուր արդյունքների ամփոփումից հետո: