Երևանում խորհրդաժողովի ժամանակ ռուսաստանցի փորձագետներից մեկը Ձեր ներկայությամբ հայտարարեց, որ ՙՌուսաստանը շատ շուտով Հայաստանի հետ ուղղակի կապ կունենա` Վրաստանի առջև դնելով Հարավային Օսիայի սահմնանների հարցը՚:
Նման հայտարարությունները որնքանո՞վ են տեղավորվում վրաց-ռուսական հարաբերություններում վերջին միտումներում:
Նման հայտարարություններ, ցավոք, բավականին հաճախ են արվում: Սակայն, կարծում եմ, գործնականում այդպիսի նախագծերն իրականանալի չեն, այդ պատճառով ճիշտ չէր լինի նույնիսկ դրանք մեկնաբանել: Իրականում Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները կարգավորվում են: Ավելին, դրանցում դիտվում է որոշակի դրական միտում: Ըստ երևույթին, վրացիների ու ռուսների համար անհամեմատ ավելի հեշտ և շահավետ կլինի կենտրոնանալ այդ դրականի, համագործակցության նոր նախագծերի առաջ մղման վրա, քան քննարկել Վրաստանի մասնատման խելահեղ տեսություններ:
Բրիտանական International Alert ոչ կառավարական կազմակերպության հետազոտությունների համաձայն, 1991 թվականից անգործության մատնված Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան ուղեգծով աբխազական երկաթուղու վերակառուցումը կարժենա 277,5 մլն դոլար, որը կհաջողվի վերադարձնել առնվազն 100 տարի հետո: Ուշագրավ է, որ աբխազ փորձագետների պաշտոնական եզրակացեւթյունների համաձայն, այդ գումարը կազմում է 350-400 մլն դոլար, մինչդեռ նրանց վրացի գործընկերները կարծում են, որ դրա համար կպահանջվի 73 մլն դոլարից ոչ ավելի: Ի՞նչ կարծիք ունեք Դուք:
Կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք ծախսել 30 մլն դոլար, որն անհրաժեշտ է աբխազական երկաթուղու Վրաստանի կողմից վերահսկվող տեղամասի վերականգնման համար: Իրոք, International Alert-ի հետազոտություների համաձայն, Աբխազիայով անցնող երկաթուղով երթևեկության վերսկսումը ոչ մի օգուտ չի բերի Վրաստանին: Մյուս կողմից`քաղաքական իմաստով այդ նախագիծն, անկասկած, դրական կլինի ինչպես Աբխասզիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների հաստատման տեսանկյունից:
Վրաստանի կառավարությունն արդեն երկաթուղու աբխազական տեղամասի բացման հարցի շուրջ քննարկման պատրաստակամություն է հայտնել: ՌԴ կառավարության կողմից առայժմ հստակ պատասխան չի հետևալ այդ առաջարկությանը: Մինչդեռ, ռուսաստանցի գործընկերների ասելով, Ռուսաստանում ոչ պակաս են շահագրգռված այդ երկաթուղու ապաշրջափակմամբ, սակայն կառավարությունն առայժմ, չգիտես ինչու, լռում է: Մեր տեղեկություններով, Երևանում այդ առաջարկությունն արժանացել է լիակատար հավանության: Սակայն այդ ուղղությամբ որոշակի մտավախություններ կան Աբխազիայում:
Վրաստանում շատերը երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրում էին չափազանց թուրքամետ քաղաքականության մեջ, որը հակասում է վրացիների շահերին: Ի՞նչ միտումներ են նկատվում նոր իշխանությունների քաղաքականության թուրքական վեկտորում:
Թբիլիսիում Անկարայի հետ գործընկերությունն ընկալում են եվրաինտեգրման համատեքստում, քանի որ Վրաստանի նոր իշխանությունները շարունակում են տրամադրված մնալ Արևմուտքի հետ ինտեգրմանը: Թուրքերի համար Եվրոպան և ԱՄՆ-ը նույնպես շատ կարևոր խաղացողներ են: Անկարայի համար կարևոր են նաև իրացման արևմտյան շուկաները: Այս իմաստով Վրաստանը և Թուրքիան նույն ուղղությամբ են նայում`դեպի Արևմուտք: Ոչ պակաս կարևոր է այն, որ մենք Թուրքիան ընկալում ենք որպես ռազմավարապես կարևոր, տնտեսական լուրջ գործընկեր: Մեր երկու երկրների տարածքով անցկացված տարանցիկ գազատարները և նավթամուղները հիանալի հնարավորություն են ընձեռում մեզ ունենալու կապ, և, որպես հետևանք, հարաբերություններ Եվրոպայի հետ: Թբիլիսիում բավականաչափ թուրքեր են ապրույմ, ովքեր իրենց բիզնեսն ունեն մայրաքաղաքում: Իսկ ոչ մեծ Աջարիայում նրանց թիվն արդեն 25 հազարի է հասնում, ինչը բավականին լուրջ տոկոս է կազմում: Միաժամանակ, փորձագետի խոսքով, չնայած այն բանին, որ Վրաստանի բնակչության շուրջ 15%-ն իսլամ է դավանում`մահմեդականները, Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքին թույլ ինտեգրման և ներքին մասնատվածության պատճառով, քաղաքական գործոն չեն: Վրաստանի մահմեդականները բաժանված են տարբեր խմբերի, կրոնական հոսանքների, քիչ կրթված են, գրեթե չեն տիրապետում վրացերենի, օտարանում են Վրաստանի հասարակական կյանքից: Այդ պատճառով մենք հակված չենք Թուրքիայի ակտիվությունն ընկալել որպես էքսպանսիա` չնայած պարբերաբար առանձին փորձագետների հակառակ պնդումներին: