Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն որոշակի ձևաչափեր: Հունիսի 28-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող հարցին, որի մասին ավելի վաղ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության թեման ունի քննարկումների իր ձևաչափը: Նաև հասկանում ենք, որ այդ թեման հետաքրրքություն է հարուցում և պահանջում մեկնաբանություններ: Սակայն տարբերություն կա իրազեկման և պարան ձգելու համար հրապարակային տարածքի օգտագործման միջև», - նշել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ հունիսի 20-ն Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում` Ռուսաստանի ղեկավարի միջնորդությամբ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ասելով, հանդիպումը եղել է արդյունավետ, ինչի մասին ասում են նաև փորձագետները, և դրա արդյունքում տարածվել է հայտարարություն, որտեղ ներկայացվել են քննարկվող հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Այժմ կարևորն այդ ձեռք բերված դրականը հրապարակային հռետորաբանությամբ չփոշիացնելն է. այն հարկավոր է պահել` որոշակի քայլերի ընթացքում իրագործելու նպատակով: Սակայն կան թեմաներ, որոնք պահանջում են լռություն, քանի որ այստեղ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները», - կարծում է նա: Նրա ասելով, այսօր կարևոր է անել ամեն բան, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրն անցնի որոշակի իրական հարթություն:
Զախարովան նաև հաղորդել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր մեկնում է Ֆրանսիա: «Հունիսի 29-ին Ռուսաստանի նախարարը կհնադիպի Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ, և, ի թիվս այլ հարցերի, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Տեղի կունենա կարծիքների փոխանակություն` մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքների շուրջ», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս, զինծառայողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, հայտարարել էր, թե հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակում: «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, և այդ տարածքում երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Սա է գլխավոր հարցը: Ինչ վերաբերվում է ԼՂՀ կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, ինչ-որ կարգավիճակ կտրվի: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Եվրոպայում, մյուս երկրներում կա առաջադեմ փորձ և տարբեր տեսակի կարգավիճակներ: Բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր պետության տարածքային ամբողջականությունը», - եզրափակել էր Ալիևը:
Ինչպես հաղորդվել է, մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել էին իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին շուտափույթ ավարտել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Նախագահները նաեւ պայմանավորվել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման շուրջ։ Եվ, վերջապես, նրանք պայմանավորվել էին շարունակել անհետ կորածների մասին տվյալների փոխանակումը` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո»: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին նաև հանդիպման հաջորդ փուլի շուրջ` համընդգրկուն կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար, որը կայացել է հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի նախագահ Վլադիմրր Պուտինի միջնորդությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են մայիսի 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնել են, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: