Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ այդ երկրների շահերի բախումներն անմիջականորեն անդրադառնում են Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության վրա: ԱրմԻնֆո-ի թղթակցին հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Եթե կարգավորումը տեղի ունենա, ապա դա կլինի իրադարձությունների շատ դրական զարգացում, քանի որ այդ երկրների միջև ամեն մի լարում անդրադառնում է մեր երկրի անվտանգության վրա», - նշել է նա, հիշեցնելով, որ լարվածության սրումն Արցախում տեղի ունեցավ հենց ռուս-թուրքական դիմակայության ֆոնին :
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն, իր հերթին, կարծում է, որ Հայաստանի անվտանգության հարցերը չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրների հարաբերություններով: «Մենք պետք է ստեղծենք անվտանգության, տնտեսական զարգացման և երրորդ երկրների հետ փոխշահավետ արտաքին հարաբերությունների այնպիսի համակարգ, որը չսասանվի Անկարայի և Մոսկվայի կամ այլ տերությունների միջև հարաբերությունների բարելավումից կամ վատթարացումից», - նշել է նա, հավելելով, որ այդ մերձեցումն, անշուշտ, կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես հայ-ռուսական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, հաշվիի առնելով, որ դիտվում է ադրբեջանառուսական հարաբերությունների բարելավման միտում:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հավաստմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրավոր ներողություն է խնդրել Ռուսաստանից նախորդ տարի Սիրիայի երկնքում ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելու համար, ինչից հետո Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել էին, սակայն Թուրքիայի ղեկավարի ներողությունից հետո իրավիճակը կարող է փոխվել, հաշվի առնելով, որ արդեն այս շաբաթ սպասվում է Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույց: