Պետերբուրգից հետո Ղարաբաղյան հակամարտությունում լուրջ տեղաշարժերի հույսերն ի սկզբանե քիչ հիմնավորված էին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն Իլհամ Ալիևը, նշելով ստատուս-քվոյի հաղթահարման անհրաժեշտությունը, համոզմունք է հայտնել, որ դա կարելի է անել միայն ՙԱդրբեջանի տարածքների ապաօկուպացման՚ միջոցով: Սերժ Սարգսյանը սահմանափակվել է հակամարտության խաղաղ կարգավորմանը Երևանի կողմնակցության վերաբերյալ հերթական հայտարարությամբ՝ նշելով, որ ՙցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում՚: Նախագահները նման ձևաչափով պարբերաբար հանդիպումներ անցկացնելու պատրաստակամություն են հայտնել, ինչպես նաև համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը:
ՙՂարաբաղում ՙքառօրյա պատերազմ ընդամենը երկու ամիս առաջ է տեղի ունեցել: Եվ չնայած մարտական գործողությունները լայնամասշտաբ պատերազմի չվերաճեցին՝ դրանք ամենամասշտաբայինն էին անժամկետ հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո: Երևանը և Բաքուն փոխզիջումների և զիջումների կողմնակցություն չեն դրսևորել և այսօր էլ չեն դրսևորում նաև դիվանագիտական ձևաչափով՚,- նշել է նա:
Մարկեդոնովն ընդգծել է, որ ապրիլյան պատերազմը Բաքվում դիտարկում են որպես հաջողություն, իսկ ղարաբաղյան աննշան տարածքի գրավումը՝ ապագա գործողությունների հիմք ստատուս-քվոյի պահպանման դեպքում: Այս առումով վերլուծաբանը պատահական չի համարում հունիսի 19-24-ը հակամարտության գոտուն կից Ադրբեջանի տարածքներում զորավարժությունների անցկացումը:
ՙԱյո, հակամարտության կարգավորման հարցում բեկումներ չկան: Այո, կարգավորման փոխարեն առկա է սառեցում: Սակայն, չկա նաև այլ շահագրգիռ կողմերից Ղարաբաղի համար առաջարկված բանաձև, որը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության համար: Ցավոք, թե՛ ՌԴ, թե՛ Արևմուտքի կողմից աջակցվող ՙմադրիդյան սկզբունքներից՚ բացի, ոչինչ չի առաջարկվել՚,-ամփոփել է վերլուծաբանը: