Հայկական արմատներով լեհ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն կգրի: Այդ մասին կոմպոզիտորը պատմել է հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հունվարի 13-16-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենան Քշիշտոֆ Պենդերեցկիի օրերը`նվիրված կոմպոզիտորի 80-ամյակին: ՙՈւրախ եմ, որ իմ ստեղծագործությունները կրկին կնչեն Հայաստանում՚,- նշել է կոմպոզիտորը: Պենդերեցկիի օրեր հանրապետությունում անց են կացել 2008 և 2009 թթ.: Ինչպես նշել է Պենդերեցկին, ինքը բարձր է գնահատում ոչ միայն հայ երաժիշտների վարպետությունը, այլ նաև հանդիսատեսի ջերմ ընդունելությունը: Հատուկ գնահատականի է արժանացել ՙՀովեր՚ պետական երգչախումբը, որը, կոմպոզիտորի խոսքով, իր ստեղծագործությունների կատարման բարձր մակարդակ է ցույց տվել: