Հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման գաղափարին կարելի է երկակի մոտենալ. կարելի է գտնել թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով մտահոգությունը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման հետևանքով Հայաստանը որոշ իմաստով կորցնում է օդային տարածքի անկախությունը:
Նրա խոսքով, ամեն բան կախված է այդ ծրագրի իրագործման մակարդակից: Այդ գաղափարը, ինչպես հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարը, կարելի է դիտարկել նաև որպես տարածաշրջանի ողջ օդային տարածության մանրակրկիտ դիտարկում իրականացնելու հնարավորություն: ՙՀայաստանը նման տեխնիկական ռեսուրսների չի տիրապետում՚,- հայտարարել է նա:
ՙՀԱՊԿ-ն ռազմական առումով բաժանված է երեք տարածաշրջանի. արևմտյան հատված, որտեղ գործում են Ռուսաստանի և Բելառուսի համատեղ ուժերը, Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, որտեղ գործում են Ռուսաստանի և ՀԱՊԿ մասնակից երկրների զինված ուժերը, և Կովկասյան տարածաշրջանը՝ Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերով: Այսպիսով՝ իրականացվում է ՀԱՊԿ շրջանակներում համատեղ ծրագրի մի մասը՚,- պարզաբանել է Քոչարյանը: Նա նաև հավաստիացրել է, որ ՙերկնքում՚ ԶՈւ հրամանատարությունը կգտնվի Հայաստանի իրավասության ներքո:
Նշենք, որ հունիսի 8-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի ստեղծմանն ուղղված աշպատանքներ են իրականացվում արդեն մի քանի տարի: Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանն արդեն ստեղծել է ՀՕՊ միավորված համակարգ Բելառուսի և Ղազախստանի հետ: ՙՀայ-ռուսական ՀՕՊ համակարգի ստեղծումն առաջին փուլն է: Երկրորդը կմիավորի բոլոր համակարգերը՝ միասնական համակարգ ձևավորելով ՀԱՊԿ ողջ տարածքում՚,- նշել էր նա՝ ավելացնելով, որ դա կնպաստնի մասնակից երկրների անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանը քննարկում է ՙՀայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին՚ համաձայնագրի վավերացման հարցը: Հունիսի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն է տվել խորհրդարանի օրակարգում այդ համաձայնագրի ներառմանը: 2015 թ. դեկտեմբերին Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին: