ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդից պահնաջում է կարգալույծ անել Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին:
Ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից՝ նա Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Աթեշյանի նամակն անվանել է ամոթալի՝ պետական և ազգային դավաճանություն համարելով այն: ՙՆման ամոթալի արարքի նախադեպ հայոց պատմության մեջ չի եղել, հետևաբար՝ Աթեշյանը պետք է պատժվի և կարգալույծ արվի՚,- ընդգծել է նա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը չի բացառել, որ Աթեշյանի նամակը գրվել է ճնշման ներքո: ՙԵս չեմ արդարացնում ոչ մեկին, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչ երկրում և ինչպիսի պայմաններում են նրանք ապրում՚,- ընդգծել է նա:
Մինչդեռ Ստամբուլի հայկական ՙԱկոս՚ թերթն Աթեշյանին ուղղված բաց նամակ է հրապարակել, որում վրդովմունք է հայտնել վերջինիս վարքագծի առնչությամբ: ՙԸնդունեք այս նամակը որպես այդ համայնքի անդամը հանդիսացողների, սակայն Ձեր տեսակետները և ձևակերպումները չընդունողների ձայնը: Մի երկրի կողմից սեփական քաղաքացի համարվող ժողովրդին իրենց իսկ բնակեցրած տարածքներից գրեթե ամբողջությամբ ոչնչացմանը Ձեր կողմից տրված «Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերե ձևակերպումը վիրավորանք է զոհերի և ողջ մնացածների հասցեին: Այս նամակը գրելու համար Ձեզ վրա արված ճնշումը մեզ համար տխրելու և ցավելու աղբյուր է: Թուրքիայի հայկական համայնքը վիրավորվել է ոչ թե այս բանաձևի ընդունումից, ինչպես նշել եք Դուք, այլ` Ձեր այս տողերից՚,- նշված է «Ակոսի՚ նամակում։
Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Աթեշյանը նամակում նախածի ընդունումն այսպես է մեկնաբանում․ «Հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմիցե, նշում է, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրելե։ ՙՀարգելի նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը: Այս համատեքստում նշենք, որ Գերմանիայի քաղաքացիների քվեներով ձևավորված խորհրդարանը բացի իրեն ձայն տված ժողովրդի հանգստության, բարգավաճման, անվտանգության, խաղաղության և բարեկեցության համար օրենքներ ընդունելու պարտականությունից, իր իրավասությունների մեջ չմտնող հարցի շուրջ տեսակետ է արտահայտում, դա օրինականացնում է և այս ամենն անում է ամբողջ գերմանացի ազգի անունից՝ իրեն որպես դատավոր տեսնելով։ Գերմանիայի նման սխալ վերաբերմունքն անընդունելի է։ Ընդունված այս օրենքը և նույնաբնույթ այլ օրենքներ մեզ խորապես վիրավորում են։ Ցավոք հայ ազգի պատմության էջերի ցավը միջազգային քաղաքական հարթակում Թուրքիային և թուրք ազգին մեղադրելու և պատժելու համար որպես գործիք է ընկալվում և այս տգեղ ընկալումը պատճառ է դառնում Թուրքիայի հայերի ինքնության և ենթաինքնության վնասվելուն՚,- նշել է արքեպիսկոպոսը: