Հայոց հարցը Թուրքիայի համար զգայուն թեմա է՝ բացառապես պատմական, բարոյական կամ նորմատիվային տեսակետից, ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցում ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի /Ուկրաինա/ տնօրեն Նիկոլայ Կապիտոնենկոն:
ՙԹուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ, որոնցից շատերը ճանաչել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, կարգավորվում են այլ նկատառումներով՝ քաղաքական, տնտեսական, առևտրային և last but not least՝ անվտանգության նկատառումներով: Ըստ որում, բոլոր այս ոլորտներում Թուրքիան կարևոր գործընկեր է մնում, իսկ որոշներում՝ էլ ավելի կարևոր, քան երկու տարի առաջ էր՚,- նշել է նա:
Մեկնաբանելով Ուկրաինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը՝ փորձագետը չափազանց ցածր է գնահատել այն՝ ընդգծելով, որ ցեղասպանության թեման շատ ցավոտ է ուկրաինացիների համար: Նշելով, որ 1932-33 թթ. Գոլոդոմորի իրադարձությունները շատերի կողմից գնահատվում է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն՝ Կապիտոնենկոն ընդգծել է, որ դա էմոցիենալ առումով մոտեցնում է ուկրաինացիներին ցանկացած բռնի գործողություններից տուժած ժողովուրդներին:
ՙԲայց քաղաքականությունը մնում է քաղաքականություն: Թուրքիայի հետ հարաբերությունները բազմաթիվ տեսանկյուններից այսօր չափազանց կարևոր են Կիևի համար, և ռիսկի ենթարկել դրանք վերջինս չի համարձակվի՚,- ամփոփել է փորձագետը:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ընդունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: