Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, հիշեցրել է Հոլոքոստի մասին, որը կազմակերպել էր նացիստական Գերմանիան, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Ժամանակին իրենք ողջակիզում էին հրեաներին, իսկ այժմ զրպարտում են թուրք ժողովրդին` մեղադրելով ինչ-որ ցեղասպանության համար: Ավելի լավ չէ՟ դուք, նախ, հետ նայեք ձեր սեփական պատմությանը», - հայտարարել է նախարարը: Նրա ասելով, Հայոց ցեղասպանության համար մեղադրանքները «զրպարտություն» են Թուրքիայի և նրա ժողովրդի հասցեին:
«Մենք ամաչելու բան չունենք: Մեր պատմության մեջ չկան սև կետեր, որոնց պատճառով մենք գլուխներս խոնարհենք, - ընդգծել է նա: Նախարարը նաև ենթադրություն է հայտնել, որ Բունդեսթագի որոշումն ընդմիշտ կփոխի Բեռլինի և Անկարայի հարաբերությունները: «Թուրք ժողովուրդը և թուրքական պետությունը երբեք չեն մոռանում ոչ իրենց բարեկամներին, ոչ` թշնամիներին: Վստահ եղեք, որ Թուրքիան կշարունակի իր ճանապարհը, իսկ խորհրդարանների որոշումները չեն կարող արատավորել մեր պատմությունը», - հավելել է Բոզդաղը, հաղորդում է «լենտա.ռու»-ն: