Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած բանաձևն ամոթալի է այդ հաստատության հեղինակության համար: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարությունում:
«Հունիսի 2-ին ԳԴՀ խորհրդարանի կայացրած որոշումը, որն օրենսդրական նախադեպով ազատություն տվեց 1915 թվականի իրադարձությունների քննարկմանը, ամոթալի է այդ հաստատության հեղինակության համար: Դա անբարեկրթության և օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի օրինակ է նրանց կողմից, ովքեր քաղաքականցնում են պատմությունը, խոչընդոտում պատմության ազատ քննարկմանն ու փորձում են անվիճելի դարձնել հայկական դիրքորոշումը», - նշել է Թուրքիայի ԱԳՆ:
Անկարան կարծում է, որ Եվրոպայի, որի մի մասն է Գերմանիան, իրավական համակարգի հիմնական պարտականությունը 101 տարվա վաղեմության պատմույթունը չքաղաքականացնելն է, արդար և անաչառ դիրքորոշման դրսևորումը: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիան, որը մեզ հետ դաշնակցային հարաբերություններ է պահպանում, որի հետ մենք սերտորեն համագործակցում են հանուն Եվրոպայի ապագայի, հաշվի կառնի մեր տեսանկյունն ու մտահոգությունը», - ասվում է հայտարարությունում:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: