ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նախօրեին Փարիզում կայացած հանդիպումներից հետո: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են կազմակերպության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Հանդիպման նպատակը մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում է: Նախարարները հաստատել են, որ հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները նախարարներին քննարկման համար ներկայացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար բանակցությունները վերսկսելու նպատակով», - ասվում է Մինսկի միջնորդների հայտարարությունում: