Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բաբայան. Ստեփանակերտը երբեք որևէ հույս չի կապել ՀԱՊԿ հետ սեփական անվտանգությունն ապահովելու հարցում

$
0
0

 Ռազմական բոլոր գործողությունների ընթացքում լինում են բացթողումներ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայկական ԶՈւ արդիականացման ոլորտում առկա բացթողումները:

 

ՙՈչ ոքի համար գաղնիք չէ, որ 90-ական թթ. սկզբից Ադրբեջանն ակտիվորեն զինվում էր: Վերջին շրջանի բացթողումների մասին շատ է խոսվել, բայց ես այդ հարցի քաղաքականացման կողմնակից չեմ: Ռազմական բոլոր գործողությունների ժամանակ լինում են բացթողումներ, դրանք մենք տեսել ենք  թե Առաջին համաշխարհային պատերազմի, թե Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, բացթողումներ ենք տեսել խորհրդային զորքերի սպառազինման և պատրաստվածության հարցում: Մենք տեսանք նաև Ադրբեջանի բացթողումներն ապրիլյան պատերազմի ընթացքում՝ թեկուզ այն առումով, որ նրանց բլիցկրիգը տապալվեց, և ադրբեջանական ռազմական դոկտրինը լիովին ձախողվեց ՚,- նշել է Բաբայանը:

 

Ըստ որում, նա նշել է, որ հայկական կողմը մանրամասն վերլուծում է իրադարձությունները և համապատասխան եզրակացություններ անում, վերացնում թերություններն ու բացթողումները: Բաբայանը նշել է նաև, որ Ստեփանակերտը երբեք որևէ հույս չի կապել ՀԱՊԿ կամ Ռուսաստանի հետ սեփական անվտանգությունն ապահովելու հարցում՝ այն պարզ պատճառով, որ կազմակերպության անդամ չէ: ՙԱմենակարևորն այն է, որ ՙքառօրյա՚ պատերազմն Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ գործողությունների չվերաճի, որոնք անկանխատեսելի հետևանքներ կունենային: Անշուշտ, այդ ժամանակ Ռուսաստանը ևս կներգրավվեր այդ գործընթացներում, ինչպես նաև Թուրքիան՝ որպես Ադրբեջանի ավագ եղբայր, ինչը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքի կամ մասշտաբային տարածաշրջանային պատերազմի՚,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

 

Նշենք, որ 2rd.am պորտալում հրապարակված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, քննադատել է գործող իշխանությունների արտաքին և ռազմական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ  

Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Նրա կարծիքով, փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: «Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետեւողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, եւ ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց: Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր եւ միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների եւ զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում՚,- ասել է նա: 

 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը՝ նա հայտարարել է, որ ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: «Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետեւություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը եւ գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից», - նշել է Քոչարյանը, հավելելով, որ ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն եւ առանձին շաղկապվածությամբ:Նրա համոզմամբ, որեւէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: «Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Ղազախստանի ձեւավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, եւ դա չի կարելի հաշվի չառնել», - ամփոփել է երկրորդ նախագահը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles