Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հանդես է եկել հայտարարությամբ՝ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:
Ինչպես հայտնում են կիպրոսյան լրատվամիջոցները, Անաստասիադիսը դատապարտել է հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը և վերահաստատել այդ հանցագործության միջազգային ճանաչման ջանքերին աջակցությունը:
ՙԿիպրոսի կառավարությունը դատապարտում է մարդկության պատմության ամոթալի էջը հանդիսացող այդ սարսափելի հանցագործությունը: Մեր կառավարությունն իր համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին և աջակցում միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման ջանքերին՚,- ընդգծել է Կիպրոսի նախագահը:
Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն իր հերթին ապրիլի 23-ին հայկական եկեղեցում ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ ասել է, որ քաղաքակիրթ բոլոր պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու նպատակով:
ՙԱնցյալի հանցագործություններն անպատիժ են մնացել՝ չնայած այն բանին, որ թուրքական իշխանությունների կողմից ավելի վաղ ծրագրված այդ անմարդկային հանցանքի բազմաթիվ ապացույցներ կան՚,- ասել է Օմիրուն: