ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն արտոնություններ է տվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ Ղարաբաղի առնչությամբ իր սադրիչ հայտարարությունները հնչեցնելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, հայկական պատվիրակության անդամների մոտ Դավութօղլուին ուղղված բազմաթիվ հարցեր են ծագել՝ կապված ինչպես ԵԽԽՎ-ում նրա հայտարարությունների, այնպես էլ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ վերջինիս պահվածքի հետ, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ Թուրքիայի վարչապետը կոպտորեն խախտել է կանոնակարգը և ելույթ ունեցել 50 րոպե՝ 30 րոպեի փոխարեն: ՙԵԽԽՎ կանոնակարգի համաձայն՝ ելույթները տևում են 30 րոպե, ինչից հետո նույնքան ժամանակ հատկացվում է ելույթ ունեցողին հարցեր հղելու համար, սակայն Ագրամունտն արտոնություններ է շնորհել Դավութօղլուին, և նա օգտագործել է 50 րոպե՝ ժամանակ չթողնելով հարցերի համար՚,- նշել է նա՝ ավելացնելով այլ ելույթ ունեցողների պարագայում ԵԽԽՎ նախագահը սկզբունքային է և միշտ հավատարիմ է մնում կանոնակարգին: Զոհրաբյանն ավելացրել է նաև, որ Դավութօղլուի ելույթի ժամանակ դահլիճում մի քանի հարյուր թուրք է ներկա գտնվել, ովքեր յուրաքանչյուր ՙմտքի թռիչքից՚ հետո բարձր ծափահարում էին նրան:
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրացման ընթացքում մեծ կորուստները ցույց են տալիս, որ ստատուս-քվոն չի կարող շարունակվել: Նա նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտումը կարող է ազդել Նախիջևանի վրա, ինչը մտահոգութուն է հարուցում: ՙՄիջազգային հանրությունը և Մինսկի խմբի համանախագահները պարտավոր են նախազգուշացնել Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական սադրանքներ կազմակերպելու անթույլատրելիության մասին: Որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ՝ Թուրքիան աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորման ջանքներին: Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին՝ օկուպացված տարածքների շուտափույթ ազատագրման նպատակով՚,- ասել է Թուրքիայի վարչապետը: