ՀՀ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն արցախյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում խաղաղապահների տեղակայման հարցի քննարկմանը: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հայկական կողմը երբեք չի խնդրել Արցախում խաղաղապահներ տեղակայելու մասին, սակայն դեմ չէ դրան: ՙԵթե լինի դրա անհրաժեշտությունը և դա հակամարտության միակ լուծումը լինի, մենք դեմ չենք լինի՚,- հայտարարել է նա: Ըստ որում, Բաղդասարյանը հայտարարել է, որ առայժմ խոսում ենք չեղած բանի մասին, և միակ ուժը, որի վրա կարող է հենվել հայ ժողովուրդը, Հայաստանի և Արցախի զինված ուժերն են:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին հայտարարել է, որ քանի դեռ հայկակակն կողմերը կարող են պաշտպանել իրենց, խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն չկա: Ըստ որում, նա նշել է, որ Արցախում խաղաղապահների հարցը պետք է դիտարկել կարգավորման միասնական փաթեթում, և եթե այն վերջինիս անբաժան մասն է հանդիսանում, ՀՅԴ-ն նույնպես դեմ չի լինի: ՙԱնհրաժեշտ է ներկայացնել ադրբեջանական կողմի ագրեսիայի բոլոր ապացույցները, ինչպես նաև ստանալ միջազգային հանրության համարժեք գնահատականը՚,- հայտարարել է նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, խաղաղապահների տեղակայումն անհրաժեշտ կլինի հակամարտության լիակատար կարգավորումից հետո, քանի որ հայկական և ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն, իսկ ՙդատարկ՚ բուֆերային գոտին կարող է վտանգավոր լինել մեզ համար՚,- հայտարարել է նա: ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ՙՕրինաց երկիր՚ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նույնպես համակարծիք են Զուրաբյանի հետ և դեմ չեն խաղաղապահներին, եթե դա կօգնի հակամարտության վերջնական կարգավորմանը:
Նշենք, որ խորհրդարանական բոլոր ուժերը դեմ չեն քննարկելու խաղաղապահների տեղակայման հարցը՝ հակամարտության լիակատար լուծման դեպքում, սակայն բոլոր խմբակցությունները դեմ են թուրք խաղաղապահներին, քանի որ այդ երկիրն օբյեկտիվ չէ և ադրբեջանամետ դիրքորոշում ունի:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը DW-ում հրապարակված հարցազրույցում, մեկնաբանելով հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայնման հարցը, հայտարարել էր, որ Հայաստանը երբեք դեմ չի արտահայտվել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն կարծում է, որ այդ հակամարտությունը լիովին և վերջնակապանապես պետք է կարգավորվի «Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը նախատեսեր այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում` մեր երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայություն: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան՚, - ընդգծել է Սերժ Սարգսյանը: