Թուրքիայի հայտարարություններում, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան խնդիրը, ոչ մի նոր բան չկա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
ՙՏարօրինակ է այն, որ ոչ թե Հայաստանն է նախապայմաններ առաջ քաշում հարաբերությունների կարգավորման համար, այլ Թուրքիան՝ Հայոց ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրության ժառանգորդը: Դա տարօրինակ է, բայց տարօրինակ կլիներ տրամաբանություն փնտրել թուրքական դիվանագիտության և հռետորության մեջ՚,- նշել է Նալբանդյանը: Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ եթե Անկարան շարունակի հավատարիմ մնալ նույն հռետորությանը, հազիվ թե հաջողությունների հասնի ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների հետ հարաբերություններում:
Նշենք, որ օրերս Անկարան կրկին հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան խնդիրը: