Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություններ է բացում հայ-իրանական հարաբերությունների համար, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը 2015 միջազգային դիվանագիտության նշանակալի իրադարձություններից մեկն էր: ՙՄեզ չէր կարող չուրախացնել բարեկամ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը: Եվ պատժամիջոցների վերացումը, անշուշտ, նոր հնարավորություններ կբացի հայ-իրանական հարաբերությունների զարգացման և ծրագրերի իրականացման համար, որոնք հնարավոր չէր իրականացնել՝ հաշվի առնելով պատժամիջոցների առկայությունը՚,- նշել է նախարարը:
Ըստ որում, Նալբանդյանն ավելացրել է, որ Իրանը բարեկամ երկիր է, որտեղ պահպանվում և վերականգնվում է հայկական մշակութային ժառանգությունը, որտեղ հարգանքով ու ջերմությամբ են վերաբերում հայ համայնքին, և դա փոխադարձ է:
ՙՀայաստանը շահագրգռված է հնարավոր բոլոր ոլորտներում Իրանի հետ համագործակցության զարգացմամբ և ամրապնդմամբ, և դրա համար լուրջ ներուժ կա՚,- նշել է ՀՀ արտգործնախարարը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու պատրաստակամության վերաբերյալ Իրանի հայտարարությանը՝
Նալբանդյանն ընդգծել է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա ոչ թե ՙվատ՚ միջնորդների, այլ՝ Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայության պատճառով:
ՙՀամոզված ենք, որ ԻԻՀ-ն շահագրգռված է ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ կարգավորմամբ: Մենք գնահատում ենք այդ հարցի առնչությամբ Թեհրանի հավասարակշռված դիրքորոշումը՚,- ասել է Նալբանդյանը: