Դժբախտաբար, 2015 թիվը քաղաքական առումով կորուստների տարի էր, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում մենք այդպես էլ չկարողացանք մեր մտքերը հասանելի դարձնել միջազգային հանրությանը: Այդ մասին հայտարարել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Սարգիս Հացպանյանը` ամփոփելով 2015 թվականի հասարակաքաղաքական արդյունքները:
Նրա ասելով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է գլխացավանք դառնար Անկարայի համար: Իսկ թուրքական կողմն արդեն ուներ Ցեղասպանության ճանաչման առաջխաղացման ուղղությամբ հնարավոր քայլերի կանխարգելմանը նպատակաուղղված գործողությունների ծրագիր: «Մինչդեռ առ այսօր աշխարհի հայերը չեն կարողացել ձևավորել իրենց մտքերը և պահանջները, սահմանափակվել են միայն արարողակարգային միջոցառումներով և մեդալների հանձնմամբ, ինչը, իմ կարծիքով, ամենամեծ ողբերգությունն է ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար», - հայտարարել է Հացպանյանը: Արդյունքում, ինչպես հայտարարել է փորձագետը, Անկարան թեթևացած շունչ առավ, և Թուրքիայի քաղաքական օրակարգում «հայոց հարցը» հետ մղվեց երկրորդ պլան: «Դժբախտաբար, հայ քաղաքական միտքը այդպես չզարգացավ, իսկ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ դառնալ տարածաշրջանում խաղացող և իր պատմության արժանի ժառանգորդ», - եզրափակել է Հացպանյանը: