ՀՀ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին մեղադրում է սադրանքների մեջ:
ՙՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին: Հավաքի կազմակերպիչներից ոմանք ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժի գործադրում: Նման ապօրինի գործելակերպի նպատակը հավաքին հանրային հնչեղություն հաղորդելն է և ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ստվերելը:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով, իսկ իրավախախտումներ կազմակերպող և դրանք կատարող անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության՚,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 1-ին ՙՆոր Հայաստանը՚ շուրջօրյա բողոքի ակցիաներ է սկսել Ազատության հրապարակում: Ընդդիմադիր ուժերը պահանջում են անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները: