Հայաստանի զինված ուժերի տնօրինության տակ իտալական արտադրության ուղղաթիռներ չկան: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով «Հայաստանի կողմից իտալական մաֆիայից ռազմական ուղղաթիռների ձեռք բերման ապօրինի գործարքի» վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումներին: ԱրմԻնֆո-ի հարցմանը համանման պատասխան է ստացվել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում հաղորդումներ էին հայտնվել «իտալական մաֆիայի և մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի միջև քաղաքացիական ուղղաթիռների ձեռք բերմանն առնչվող ապօրինի գործաքի մասին, որոնք հետագայում Elicotteri Srl İtaliya ընկերության կողմից վերազինվել են ռազմական օգտագործման համար»։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Իտալիայում այդ գործարքներին առնչվող գործն ընթանում է արդեն մեկ տարի, իսկ գործով անցնող հիմնական ֆիգուրանտներն են Elicotteri Srl İtaliya ընկերության ղեկավար Անդրեա Պարդին և Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունու Սկապինին։