2025 թվականից Հայաստանը նախատեսում է ներդնել համընդհանուր ներառական կրթության համակարգը: Բայց հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի ներկայացուցիչները չեն կարողանում արդեն գործող ներառական դպրոցների աշխատանքի հարցում գալ մի ընդհանուր կարծիքի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում ավելի վաղ նշել էր «Unison» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը, Հայաստանում ներառական կրթությունը գոյություն ունի միայն թղթի վրա: Նրա խոսքով, հանրապետությունում գործող ավելի քան 100 ներառական դպրոցների հասանելիությունը հաճախ սահմանափակվում է ընդամենը թեքահարթակի կառուցումով: Արդյունքում, այդ դպրոցներ կարող են հաճախել միայն թեթև հաշմանդամություն ունեցող երեխաները:
«Թող լինի մեկ դպրոց, բայց լինի 100% ներառական, քան հարյուրավոր ձևական ներառական դպրոցները, որոնք ի վիճակի չեն ընդունել սայլակավոր հաշմանդամներին կույրերին, խուլերին, կամ այլ ծանր պրոբլեմներ ունեցողներին»,-նշել է նա:
Իսկ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համաձայն չէ այս տեսակետին: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ առաջին հերթին պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող երեխայի կրթություն ստանալու իրավունքները:
«Չի կարելի երազել, որ Հայաստանում կքանդվեն բոլոր գործող դպրոցները և դրանց փոխարեն կկառուցվեն նորերը, որոնք կհապատասխանեն հաշմանդամների համար հասանելի ֆիզիկական միջավայրի ստանդարտներին: Եթե մենք խոսենք բոլոր դպրոցները հաշմանդամների պահանջներին հարմարեցնելուց հետո միայն ներառական կրթությանն անցնելու մասին, ապա ներառական դպրոցների ստեղծումը կձգձգվի տասնամյակներ»,-հայտարարել է նա:
«Անհրաժեշտ է ճանաչել հաշմանդամ երեխայի կրթոթյուն ստանալու իրավունքը: Ես ցավում եմ, որ ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանում ներառական կրթությունը գոյություն ունի միայն թղթի վրա»,-հավելել է Բախշյանը:
Բայց փորձագետը խոստովանել է նաև, որ խոսքը չի գնում բոլոր գործող ներառական դպրոցների մասին: «Եթե տնօրենը հաշմանդամություն ունեցող երեխայի կրթություն ստանալու իրավունքը դնում է ամեն ինչից վեր, ապա նա կստեղծի ադապտացման բոլոր պայմանները, ինչպես ուսումնական պլանի, այնպես էլ ֆիզիկական միջավայրի առումով: Իսկ եթե նրան հետաքրքրում է միայն հաշմանդամ աշակերտին ընդունելու դիմաց նախատեսվող բյուջետային հավելավճարը, ապա նրանք, ովքեր խոսում են ներառական կրթությունը թղթի վրա լինելու մասին, իրավացի են»,-նշել է փորձագետը:
Ներկայումս ներառական կրթությունը հասանելի է միայն հանրապետության 180 դպրոցներում: Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, համընդհանուր ներառական կրթությանն անցնելու Հայաստանի փորձը բարձր է գնահատվել Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրների կողմից: