Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը բազմիցս հայտարարել են հակամարտությունը, վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու իրենց ձգտման մասին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` ԱՊԱ-ի հետ հարցազրույցում: «Վերջին ժամանակներս ակնհայտ է զինված հակամարտության ակտիվացումը սահմանին եւ շփման գծում ՝ հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, համազարկային կրակի հրթիռային կայանքների կիրառմամբ։ Զգալիորեն ավելացել է զոհերի թիվը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդ որում, հրադադարի շուրջ պայմանավորվածության խախտման պատասխանատվությունը կողմերն ավանդաբար միմյանց վրա են բարդում։ Սակայն ոչ համանախագահները, ոչ հակամարտության գոտում գտնվող ԵԱՀԿ դիտորդները հնարավորություն չունեն պարզել մեղավորներին` առանց միջադեպերի համապատասխան հետաքննություն անցկացնելու»,- նշել է ռուսաստանցի միջնորդը։ Նա ընդսմին հիշեցրել է, որ դեռ 2011 թվականին Ռուսաստանի ղեկավարի միջնորդությամբ անցկացված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետաքննել զինված միջադեպերը։ Նրա ասելով, «եռյակը» դեսպան Անջեյ Կասպշիկի հետ միասին մշակել եւ նախագահներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների նախագիծը։
«2012 թվականի հունվարին Սոչիի եռակողմ գագաթնաժողովում այն քննարկելուց հետո նախագահները համանախագահներին հանձնարարեցին շարունակել փաստաթղթի մշակումը։ Մեխանիզմը հիմնականում լրամշակվել է ԵԱՀԿ ռազմական մասնագետների հետ եւ հանձնվել կողմերին։ Ենթադրում եմ, որ դրա գործնական կիրառումը թույլ կտա պատասխանել այն հարցին, թե կողմերից ով է խախտում հրադադարի ռեժիմը: Բացի այդ, նման մեխանիզմի առկայությունը կստիպեր մեկ անգամ ևս մտածել` նախքան հրադադարի ռեժիմը խախտելը», - կարծում է Պոպովը։
Միևնույն ժամանակ, խոսելով վստահության ամրապնդման միջոցների մասին, Մինսկի միջնորդը նշել է, որ չպետք է սահմանափակվել միայն ռազմական ոլորտով։ Նրա ասելով, Ժամանակին ռուսական կողմի ակտիվ միջնորդությամբ կողմերը պայմանավրովել էին նպաստել հումանիտար շփումների զարգացմանը, ելնելով այն հանգամանքից, որ մտավորականության ներկայացուցիչների, գիտական եւ հասարակական շրջանակների միջեւ երկխոսության հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ բանակցությունների մթնոլորտի վրա։
«Կայացել է մի քանի նման հանդիպում: Չի կարելի ասել, թե ամեն բան հաջողվել է: Եղել են եւ արդյունավետ քննարկումներ, եւ անհաջողություններ։ Կարծում եմ, որ շատ կարեւոր է խուսափել նման շփումները քաղաքականացնելուց, որպեսզի դա չվերածվի հաշվեհարդարի հարթակի: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն ասել եմ, նման աշխատանքի դրական փորձ կա և այն կարելի է կիրառել», - նշել է Պոպովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ` նախորդների անարդյունավետ լինելու առնչությամբ, ռուսաստանցի միջնորդը նշել է, որ համաձայն չէ նման հետևություններին: «Հենց միջնորդների աջակցությամբ է կողմերին հաջողվել էապես մերձեցնել դիրքորոշումները շատ վիճելի պահերի վերաբերյալ: Հիմնականում համաձայնեցվել են կարգավորման հիմնարար սկզբունքները: Դրանք բոլորին հայտնի են, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դրանք բազմիցս ներկայացրել են իրենց հրապարակային հայտարարություններում: Ընդհանուր առմամբ, չմերժելով այդ սկզբունքները, կողմերը տարբեր են տեսնում դրանց կենսագործման հաջորդականությունը: Այդ առնչությամբ այժմ խոսք չի գնում այդ մոտեցումներն արմատապես փոխելու և այն ամենից հրաժարվելու մասին, ինչ ձեռք է բերվել: Խնդիրն այն է, որպեսզի կողմերին օգնենք գտնել հաշվեկշռված լուծում եղած մշակումների հիմնամ վրա` դրանցնում կատարելով հարկ եղած սրբագրումներ», - նշել է Պոպովը: Այդ համատեքստում նա հավելել է, որ այդ ուղղությամբ են աշխատում եռանախագահները: Պոպովը նաև նշել է, որ զուգահեռ ձեռնարկվում են «ինքնուրույն ռուսական ջանքեր», և ղարաբաղյան կարգավորման թեման մշտապես ուշադրության կենտրոնում է Երևանի և Բաքվի հետ բարձրագույն մակարդակի շփումներում:
«Ողջ այդ հավաքական աշխատանքի արդյունքը, թող որ` միջանկյալ, կարող էր քննարկման առարկա դառնալ հերթական հայ-ադրբեջանական հանդիպմանը: Իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնեն Երևանն ու Բաքուն: Այս թեմայի շուրջ առավել մանրամասն մտադիր ենք խոսել տարածաշրջան մեր ուղևորության ընթացքում` մինչև այս ամսվա վերջը», - ընդգծել է միջնորդը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղեկայման հնարավորությանը` Պոպովը հայտարարել է, որ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը, գործնականում, կարող է ի հայտ գալ այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերվեն հիմնական պայմանավորվածությունները։ «Խաղաղության պահպանման նպատակով բազմազգ ուժերի տեղակայմանը պիտի նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ։ Խաղաղապահ ուժեր տրամադրելու պատրաստ երկրներից խաղաղապահ զորակազմերի ընտրությունը կիրականացվի հակամարտող կողմերի համաձայնության հիման վրա», - եզրափակել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը: