«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո բավականաչափ ընդլայնվել են։ Գնորդ ընկերությունը, նախկինից բացի, ստանձնել է նաև նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում, մասնավորապես, առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առևտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։ Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը և էներգետիկայի համակարգը։ Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100 տոկոս վճարումներ՝ արտադրողներին և ծառայություն մատուցողներին։ Ինչպես հայտնի է, ֆինանսական դժվարությունների հետևանքով, վերջին շրջանում նախկին սեփականատերը ի վիճակի չէր լինում ժամանակին և ամբողջությամբ կատարել այդ պայմանը։ Մի բան, ինչը խնդիրներ էր ստեղծում արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների համար։
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին համաձայնություն է տվել ՀԷՑ բաժնետոմսերի 100%-ը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթիդ» ընկերությանը վաճառքի գործարքին: Սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Կողմերը նաև պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն շարունակելու են ամբողջ ծավալով կատարել իրենց կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները։ «Տաշիր» ընկերությունների խումբն ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները։ Զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաև բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։ Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին ընդունել էր էլեկտրաէներգիայի գները զգալիորեն բարձրացնելու մասին որոշում: Հունիսի 19-ին սկսվեցին բողոքի լայնամասշտաբ ակցիաները: Դրանից հետո երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ում կանցկացվի միջազգային աուդիտ, իսկ մինչև դրա ավարտը կառավարոթյունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի «սակագների բարձրացման բեռը»: Դրանից հետո Ինտեր ՌԱՕ ընկերությունն սկսեց իր ակտիվները վաճառելու համար փնտրել գնորդի: