Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը։
Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որևէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ, և նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։ Միաժամանակ փորձագետները նկարագրել են Վ.Պերմյակովի հոգեբանական բնութագիրը, նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, որոնք էապես ազդել են տվյալ իրավիճակում նրա վարքի վրա։
Հիշեցնենք, որ հայկական կողմը դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն է անցկացրել հունվարի 12-ին Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների (ընտանիքի ազգականները) ներկայացուցիչների պահանջով: Ավելի վաղ ռուսական կողմն արդեն համանման փորձաքննություն էր անցկացրել, որը նույնպես Պերմյակովին ճանաչել էր մեղսունակ: