Կառավարությունում կոռուպցիայի վերաբերյալ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության նախապատրաստած փաստաթուղթը, որը հիմնված է այնպիսի կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, ինչպես` ՀԲ, ԱՄՀ, Transparency International, Gallup International, ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, կոռուպցիան բուրգ է, որի վերևում պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մի խումբ անձինք են: ՙԿառավարությունը հարկային դաշտ չի ներգրավում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մոտ հարաբերությունների մեջ են գտնվում իշխանության հետ: Փոխարենը լրացուցիչ հարկեր են դրվում մյուս ձեռնարկատերերի վրա` հարկային տեռորի ենթարկելով նրանց: Դրա հետևանքով պետբյուջեն հսկայական վնասներ է կրում, որոնք կազմում են տարեկան մոտավորապես $1.7-1.8 մլրդ՚,- նշել է Զուրաբյանը: Նրա խոսքով, կառավարությանը ներկայացված ՀԱԿ հարցման մեջ հավաստվում է նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը WLISPERA HOLDINGS LIMITED և ABS Global Limited ընկերությունների միջոցով $1.6 մլն դոլար է ստացել:
Ավելին, նշվում է, որ ՙԱրմավիա՚ ընկերությունը տարիներ շարունակ գտնվել է կառավարության հովանավորության ներքո և չի կատարել իր հարկային պարտավորությունները: ՙԻրավապահ մարմինների հանցավոր անգործության պատճառով բյուջեն չի ստացել ավելի քան 7 մլրդ դրամ՚,- ասել է ընդդիմադիր գործիչը: Փորձելով հակադարձել Զուրաբյանին` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ հեղինակավոր միջազգային կառույցներն իրականում առաջընթաց են արձանագրել կառավարման արդյունավետության, հասարակությանն իշխանությունների հաշվետվողականության հարցում:Ըստ որում, որպես կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի, կառավարման համակարգի բարելավման նշան` նախարարը նշել է, որ արդարադատության նախարարի ծառայողական ավտոմեքենան ավելի վաղ տուգանվել է, իսկ տուգանքը` վճարվել: ՙՈչ ոք չի ասում, թե Հայաստանում կոռուպցիա չկա: Բայց ավելի կարևոր է պայքարել կոռուպցիայի պատճառների դեմ՚,- ասել է Թովմասյանը: