Ժամանակն է խոսքից գործի անցնել և, վերջիվերջո, զբաղվել կոռուպցիայի դեմ ոչ միայն ցուցադրական, այլ նաև գործուն պայքարով, հայտարարել է «Այլընտրանք՚ հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ համատարած կոռուպցիան խոչընդոտում է ներդրումային ակտիվ քաղաքականության իրականացմանը:
Նրա խոսքով, ինչպես ԱՄՆ, այնպես էլ այլ երկրների հետ երկկողմ հարաբերություններում Հայաստանը պետք է աշխատի իր հեղինակության բարձրացման ուղղությամբ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ գործուն պայքարի օգնությամբ: ՙԿոռուպցիան նոր երևույթ չէ Հայաստանի համար: Նորություն չէ նաև ԱՄՆ վերաբերմունքը դրա նկատմամբ. Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցներում՚,- հայտարարել է փորձագետը: ՙԲոլորս հիշում ենք, թե ինչ իրավիճակ էր Վրաստանում, բայց նույնիսկ այնտեղ կարողացանդրական արդյունքների հասնել երկու-երեք տարում: Կարծում եմ՝ մեր պետությունն էլ ոչ պակաս ռեսուրսներ ունի ստեղծված իրավիճակի հաղթահարման համար: Միայն թե ցանկություն լինի՚,- նշում է Թաթուլ Մանասերյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում: ՙԿոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը՚,- ասել է Միլսը: Դեսպանի խոսքով, հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքներ և կամք, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: ՙԵթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները՚,- ասել է դեսպանը: ԱՄՆ դիվանագետը նաև գործարարներին հորդորել է չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին: