Սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը:
ՙՄի շատ հարգարժան մարդ, ձեզ բոլորին քաջ ծանոթ՝ կուսակցական-քաղաքական գործիչ, այս թեմայի շուրջ զրուցելիս ինձ ասաց հետևյալը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»:
Շատ դիպուկ և բազմաբովանդակ է ասված: Մտածե՛ք դրա մասին:
Իրոք, այս փոփոխությունների ելակետը, գլխավոր նպատակը, էությունը նախագահի պաշտոնի վերացումն է: Ոչ թե նրա համար, որ այն պետք չէ, այլ որովհետև ինչ-որ մեկի, մի խումբ մարդկանց և/կամ քաղաքական ուժի, այլևս ձեռնտու չէ դա:
Այլ կերպ ասած՝ մենք ոչ թե խորհրդարանական համակարգի կարիքն ենք զգացել, ուստի անխուսափելիորեն հրաժարվում ենք նախագահի պաշտոնից, այլ հակառակ կողմից ենք եկել՝ ուզեցել ենք հենց այդ պաշտոնը վերացնել, հետևապես անխուսափելիորեն անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի:
Հայաստանի այսօրվա ներքին, արտաքին և տնտեսական ահագնացող մարտահրավերների, խորացող արտագաղթի պայմաններում սահմանադրական փոփոխությունների այս փորձը կարող է իսկական փորձանք դառնալ երկրի գլխին:
Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին և կոչ եմ անում մեր քաղաքացիներին ՈՉ ասել այդ փոփոխություններին՚,- գրել է Օսկանյանը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներն ընթանում են սեպտեմբերի 15-ից: Որպես հիմնական զեկուցող՜ հանդես է գալիս խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների հարցերով ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած նախագիծը սպետեմբերի 11-ին ներառվել էր ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի լիակազմ նիստի օրակարգում, որը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին` ավելի վաղ արժանանալով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական գնահատականին: Դեմ էին արտահայտվել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), ինչպես նաև Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ) և անկուսակցական Էդմոն Մարուքյանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագիծը խորհդրարան էր ուղարկել օգոստոսի 21-ին: