Ադրբեջանական կողմը Լավրովի հետ հանդիպման ընթացքում փորձել է օգտագործել բոլոր մեխանիզմները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում զիջումներ ստանալու համար: Սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցը և հանդիպումները ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրների ղեկավարները ցանկացած հնարավորություն օգտագործում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր քննարկելու համար: Առանձնազրույցների ընթացքում քննարկվում են ինչպես կարգավորման առանձին մանրամասներ, այնպես էլ համանախագահող երկրներից յուրաքանչյուրի համար ինչ-որ շահ հետապնդող հարցեր», - կարծում է Պողոսյանը: Պատգամավորի ասելով, Ադրբեջանն ու Ռուսաստանը նույնպես ունեն որոշակի շահեր: «Անկասկած, Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ժամանակ ադրբեջանական կողմն օգտագործել է հնարավոր բոլոր մեխանիզմները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում զիջումներ ստանալու համար: Հայաստանն իր հերթին պետք է ամեն ինչ անի` այդ հարցին առնչվող իր դիրքորոշումն ու շահերն առաջ տանելու համար», - հայտարարել է քաղաքական գործիչը: Նա ընդսմին հավելել է, որ քանի դեռ Հայաստանի զինված ուժերը պահպանում են շահավետ դիրքերը ղարաբաղյան հակամարտության գոտում, Երևանին կհաջողվի առաջ մղել սեփական շահերը:
Միևնույն ժամանակ Պողոսյանը համոզված է, որ այս կամ այն հարցի լուծման հեռանկարները կախված են այն բանից, թե այս կամ այն երկիրը որքանով հետևողական է իր քայլերում: «Եթե Ղարաբաղի տնտեսությունը զարգանա, կներգրավվեն ներրդումներ, կզարգանա զբոսաշրջությունը, գյուղատնտեսության ոլորտը, ենթակառուցվածքները, ապա հակամարտության կարգավորման հարցն էլ սարերի հետևում չի լինի», - կարծում է պատգամավորը:
Պողոսյանն ընդսմին հայ հասարակությանը կոչ է արել չմոռանալ, որ պատերազմը դեռ ավարտված չէ: Նրա ասելով, իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում ժամանակ առ ժամանակ ապակայունացվում է: «Ես չեմ բացառում, որ հրադադարի ռեժիմն ավելի հաճախ կխախտվի, քան 1991-1994 թվականներին: Ուստի մեր զինված ուժերը պետք է պահպանեն զգոնությունը և կասեցնեն հակամարտության գոտում իրավիճակն ապակայունացնելու հակառակորդի ամեն մի փորձ», - հայտարարել է նա: Պատգամավորը նաև կարծում է, որ հակամարտությունը կկարգավորվի այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը գիտակցի տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանում էր աշխատանքային այցով: Ի թիվս այլ հարցերի` կողմերը քննարկել են Լեռնայինն Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հույս է հայտնել: