Հայ-ռուսական երկկողմ ընդգրկուն օրակարգում միջտարածաշրջանային համագործակցությունը հատուկ տեղ է զբաղեցնում, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում:
ՙՌուսաստանյան յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժը, տարածքը և բնակչությունը համադրելի է մի ամբողջ պետության տնտեսության հետ: Ես ուրախ եմ, որ համաժողովի աշխատանքները չեն սահմանափակվում լիագումար նիստերով: Երեկ Ռուսաստանի պատվիրակություններն այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, վաղն աշխատանքը կշարունակվի սեկցիաներում և մարզերի ու խոշոր ձեռնարկությունների ցուցահանդեսի ձևաչափով: Հուսով եմ, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, իսկ ձեր կապերը կսկսեն կրել պարբերական բնույթ: Մեր մարզպետները (նահանգապետները) պետք է պարբերաբար այցելեն գործընկեր-մարզեր (նահանգներ), փնտրեն մեր տնտեսությունների փոխմիահյուսման, գործընկերության զարգացման գործուն մեխանիզմներ: Մենք պետք է մշակենք և հաստատենք համագործակցության արդյունավետության բարձրացման նոր և կոնկրետ միջոցներ:
Իսկ մենք միջպետական մակարդակում կշարունակենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման համար. շարունակել համատեղ ջանքերը՝ նպատակաուղղված ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հանել բյուրոկրատական արգելքները և սահմանափակող միջոցները, լայն տեղեկատվական աջակցություն ցուցաբերել զանգվածային լրատվամիջոցներում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ԶԼՄ-երի հետ աշխատանքին, այդ թվում նաև՝ մարզային լրատվամիջոցների: Արդեն երեք տարի անընդմեջ անցկացվում է ՙԱրարատի ստորոտին՚ հայ-ռուսական մեդիաֆորումը: Համարում եմ, որ այդ նախաձեռնությունը պետք է սատարել պետական մակարդակով և ապահովել ռուսաստանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչների պարբերական այցերը Հայաստան, հայկական ԶԼՄ-երի՝ Ռուսաստան, ներառյալ՝ մարզերի այցելությունները: Հայաստանում լիարժեքորեն հեռարձակվում են ռուսական երեք ալիքներ՝ ՙՕՌՏ՚, ՙՌոսիա-ՌՏՌ՚, ՙԿուլտուրա՚, ինչպես նաև Համագործակցության ռուսալեզու ալիքը՝ ՙՄԻՐ՚: Լույս են տեսնում ռուսալեզու թերթեր ՙՆովոյե վրեմյան՚, ՙԳոլոս Արմենիին՚ և այլք:
Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության շրջանների հետ անմիջականորեն համագործակցող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների աշխարհագրությունը: Այսօր դրանք հաշվվում են շուրջ 70, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք, որպեսզի դրանք ավելանան, որպեսզի աճեն տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թիվը: Այս հիմքի վրա մենք կարող ենք ավելի լիարժեքորեն իրացնել մեր տարածաշրջանների ներուժը, բարձրացնել մեր բնակիչների բարեկեցությունը: Վլադիմիր Վլադիմիրի, առաջարկում եմ մեր աշխատակազմերին հանձնարարել մշակել ղեկավարների համատեղ կրթության և որակավորման բարձրացման ծրագրեր՝ մեր ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հիմքի վրա: Ես կարծում եմ, որ դա կօգնի մեր ընդհանուր գործին:
Իհարկե, մեր միջտարածաշրջանային համագործակցությունը չի սահմանափակվում տնտեսությամբ, այն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ: Բառացիորեն մի քանի օր առաջ Գյումրին հանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի էստաֆետան: Մի ամբողջ տարի քաղաքը լի էր վառ իրադարձություններով՝ Համագործակցության երկրների մշակույթի բազմաթիվ գործիչների մասնակցությամբ: Փակման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Հոկտեմբերին Երևանում անցկացվել է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների արդեն ավանդական դարձած համաժողովը: Հայ հանդիսատեսը դիտեց նշանավոր պարուսույց Բորիս Էյֆմանի բեմադրությունն ըստ Դոստոյևսկիի «Կարամազով եղբյարներե վեպի: Մեր թատրոնների հաճախակի հյուրերն են ռուսաստանյան թատերախմբերը, մշակույթի այնպիսի մեծ գործիչներ և սիրելի դերասաններ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, Լևոն Օգանեզովը և Եվգենի Պետրոսյանը, Դմիտրի Խարատյանը և Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Կիսինը և Դենիս Մացուևը:
Այս համագործակցության ուղեծրում ներգրավված են երիտասարդական և հասարակական կառույցներ, կրթական և գիտական կենտրոններ: Ես ուրախ եմ, որ արդեն համաձայնեցված են Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու որոշակի ժամկետներն ու պայմանները: Մոտ 2500 ուսանող սովորում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ կազմակերպել հայերեն լեզվի ուսուցում Ռուսաստանի այն թաղամասերի դպրոցներում, որտեղ առավել կենտրոնացված ապրում են հայկական համայնքներ:
Պետրոս Առաջինի ժամանակներից հայերն ավանդաբար փնտրել են առևտրի զարգացման, իրենց բիզնեսի առաջմղման հնարավորություններ Ռուսաստանում: Ե՛վ իրենց աշխատանքով, և՛ ջանքերով նրանք ներդրում են կատարել Ռուսական պետության ամրապնդման գործում: Զորապետից մինչև պետական գործիչ, նկարչից և երգահանից մինչև արդյունաբերող և ձեռնարկատեր, ռուսաստանցի հայերը եղել և մնում են Ռուսաստանի արժանի քաղաքացիներ և իրենց ժողովրդի հավատարիմ որդիներ: Չնայած փոքրաքանակությանը, Հայաստանի ռուսական համայնքը կարևոր դեր է խաղացել և խաղում մեր երկրի կյանքում ամենատարբեր ոլորտներում: Շատ դեպքերում նաև ի շնորհիվ սփյուռքի այդ ջանքերի, մեր երկրների միջև կապերը կրում են այդքան հագեցած, պարբերական և ընդգրկուն բնույթ:
Բայց այդ ուղղությամբ ևս մենք դեռևս շատ բան պետք է անենք: Անթույլատրելի է, որպեսզի, մեր հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մոտ ծագի կասկածանքի զգացումներ, այլատյացության կամ ծայահեղականության դրսևորումներ՚,- ասել է Սերժ Սարգսյանը: