Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին`Տիգրան Խաչատրյանը, կմնա կալանքի տակ: Օգոստոսի 24-ին Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Խաչատրյանի փաստաբանների բողոքը, որոնք պահանջել են չեղյալ հայտարարել Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ օգոստոսի 20-ին Տիգրան Խաչատրյանը դատահոգեբանական փորձաքննության է ենթարկվել: Արդյունքները պատրաստ կլինեն 15 օրվա ընթացքում:
Նշենք, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ՙՍդղի գյոլ՚ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների անունները շրջանառվում են շատ այլ հանցավոր սկանդալներում: Այնուամենայնիվ, նա վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում: