Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ուղղակի վաճառքի ձևով օտարվում է ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ ՍՊԸ-ին` 30 մլն ԱՄն դոլարի դիմաց: Համապատասխան որոշում է կայացվել օգոստոսի 13-ին ՀՀ կառավարության նիստում:
Կառավարությունը միաժամանակ հավանություն է տվել ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ -ի ներդրումային ծրագրին: Ինչպես նիստի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ընկերությունը մտադիր է իրականացնել խոշոր ներդրումային նախագիծ. նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Նախագիծը նախատեսվում է իրականացնել 4 տարվա ընթացքում` ներդնելով 100 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են արտասահմանից:
Մարզահամերգային համալիրը բացվել էր 1983 թվականին, սակայն մեկուկես տարի անց խոշոր հրդեհի հետևանքով փակվել էր մինչև վերանորոգման ավարտը` ընդհուպ 1987 թիվը: 1999 թվականին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ դարձավ նաև ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՄՀՀ կոչվեց նրա անունով: 2005 թվականի հոկտեմբերի 9-ին համալիրը 5,7 մլն ռուսական ռուբլով վաճառվեց ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել էր այն վերակառուցել, ինչը տևեց շուրջ երեք տարի և արժեցավ 42 մլն դոլար: Հետագայում համալիրը պարտքեր կուտակեց, ինչի արդյունքում սնանկ ճանաչվեց: ՄՀՀ գույքային համալիրը վերադարձվեց պետությանը` ի դեմս Պաշտպանության նախարարության: