Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ողջունում է Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

$
0
0

 Հայաստանը ողջունում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների 23 օրենսդիր մարմիններ միավորող Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Այդ մասին ասվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում:

 

«Ճանաչման գործընթացն անշրջելիորեն ընթանում է ինչպես պետական, հասարակական, այնպես էլ բազմակողմ մակարդակներով։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը համերաշխության և աջակցության ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին ժխտողականության դեմ պայքարում։

Վստահորեն կարելի է ասել, որ միջազգային նման հեղինակավոր կառույցի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային դիրքորոշման արտահայտումը ծանրակշիռ ներդրում է ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում», - ասվում է ՀՀ արտգործնախարարի հայտարարությունում:

 

Հիշեցնենք, որ Լատինամերիկյան խորհրդարանը հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձն ընդունել է, գործնականում, միաձայն: «Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն էր, որը 50 տարի առաջ ճանաչեց Ցեղասպանությունը, և այսօր մենք վճռականորեն պաշտպանում ենք այս դիրքորոշումը»,- հայտարարել է Լատինամերիկյան խորհրդարանի նախագահ Ալֆրեդո Աստին։

 

ԼԱԽ-ը Լատինական Ամերիկայի երկրների խորհրդարանականների խորհրդատվական մարմինն է։ Այն 1964 թվականին Լիմայում հիմնել են լատինաամերիկյան պետությունների ազգային կոնգրեսների ներկայացուցիչները։ Ներկայումս ԼԱԽ անդամներն են 20 երկրներ` Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Գվատեմալա, Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Մեքսիկա, Նիդերլանդների Անտիլյան կղզիներ, Նիկարագուա, Պանամա, Պարագվայ, Պերու, Ուրուգվայ և Էկվադոր (ազգային խորհրդարանների ցրման պատճառով չեն ներկայացված Սուրինամը և Չիլին):


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles