Վիեննայի բորսայում հաջող դեբյուտը խրախուսել է Արդշինբանկին`իր պարտատոմսերի երկրորդ ավելի ծավալուն թողարկում իրականացնելու արդեն իռլանդական բորսայում: Երկրորդ թողարկումն ավելի խոշոր էր առաջինից: Այս անգամ թողարկման ծավալը կազմել է 100 մլն դոլար, տեղաբաշխումը հրապարակային, արժեկտրոնի եկամտաբերությունը 12%` կիսամյակը մեկ անգամ վճարման պարբերականությամբ: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 հազար դոլար: Երկրորդ թողարկման պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2020 թ. հուլիսի 29-ին: Արդշինբանկի պարտատոմսերի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ թողարկման գլխավոր տեղաբաշխող է հանդիսանում JP Morgan ներդրումային բանկը:
Փաստորեն, այսօրվա դրությամբ, Արդշինբանկն արդեն արտասահմանում տեղաբաշխել է իր պարտատոմսերի երկու թողարկում` 175 մլն դոլար ընդհանուր ծավալով: Ընդ որում, առաջին թողարկումը գնանշվում է Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ քլիրինգն իրականացվում է Euroclear և Clearstream համակարգերում: Տեղաբաշխումը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, թողարկման ծավալը կազմում էր 75 մլն դոլար, եկամտաբերությունը 12%` եռամսյակը մեկ վճարման պարբերականությամբ, առաջնային տեղաբաշխման եկամտաբերությունը 12%, մարման ժամկետը լրանում է 2017 թվականի դեկտեմբերի 9-ին: Դա հայկական մասնավոր ընկերության առաջին գործարքն էր միջազգային ֆինանսական շուկաներում` 2013 թվականին Հայաստանի պետական եվրապարտատոմսերի առաջին թողարկումից հետո: Արդշինբանկի մենեջմենթը գոհ է իրականացված գործարքից և միջազգային ներդրողների հետաքրքվածության մակարդակից: «Ի դեմս Արդշինբանկի` Հայաստանի առաջին առևտրային թողարկողի կողմից իր պարտատոմսերի տեղաբաշխումը կապիտալի միջազգային շուկաներում կարևոր քայլ է ոչ միայն բանկի, այլև Հայաստանի համար, քանի որ նպաստում է միջազգային ֆինանսական քարտեզում հայկական առևտրային ձեռնարկությունների դիրքավորմանը», - կարծում է բանկի ղեկավարությունը:
Moody's Investors Service գործակալությունը 2015 թվականի հունվարի 19-ին Արդշինբանկին շնորհել է հետևյալ երկարաժամկետ վարկանիշները. արտարժույթով` «B1», իսկ ազգային արժույթով` «Ba3», և երկու դեպքում էլ` «բացասական» կանխատեսմամբ: Ավելի ուշ, 2015 թվականի հունիսի 17-ին, թողարկողի գործունեությունը գնահատել է նաև Fitch Ratings-ը, շնորհելով «B+» երկարաժամկետ վարկանիշ արտարժույթով` «բացասական» կանխատեսմամբ:
Նշենք, որ Արդշինբանկը Հայաստանի շուկայում գործում է 2003 թվականի փետրվարից, ի սկզբանե «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ անվանումով` 2014 թվականի նոյեմբերին վերանվանելով «Արդշինբանկ» ՓԲԸ: Արդշինբանկի մասնաճյուղային ցանցն ամենախոշորներից մեկն է երկրում` 55 ստորաբաժանում, որոնք գտնվում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, ապահովելով ներկայությունը Հայաստանի բոլոր մարզերում` առանց բացառության: 2014 թվականի սկզբին Արդշինբանկը միջազգային ներդրողներից 18 մլն դոլար է ներգրավել որպես սինդիկացված վարկ, դառնալով Հայաստանի առաջին բանկը, որը նման գործարք է կնքել առանց միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցության: Վերջին տվյալների համաձայն, որպես բանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս «Գործարար ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն` կապիտալում 97,23% բաժնեմասով: Արդշինինվեստբանկը հիմնական ցուցանիշների գծով, ավանդաբար, ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում է, առաջատար եռյակում` ընդհանուր կապիտալի, վարկային ներդրումների, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդների հանդեպ պարտավորությունների գծով, և առաջատարների հնգյակում` արժեթղթերում ներդրումների և զուտ շահույթի գծով: