Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը բացառել է կազմակերպության կաշառման հնարավորությունը, որն աուդիտ կանցկացնի ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ում: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
ՙՑանկացած ընկերերություն, որը կընտրվի աուդիտ անցկացնելու համար, այնքան թանկ է գնահատում իր հեղինակությունը, որ ոչ մի գումար չի կարող ստիպել իրեն կեղծել արդյունքները՚,- համոզված է նա:
Քաղաքական գործիչը նշել է, որ ոչ ոք ՙՈչ թալանին՚ շարժման անդամներին չի հրավիրում մասնակցել աուդիտին, քանի որ, նրա կարծիքով, ակտիվիստները համապատասխան գիտելիքներ չունեն: ՙՍակայն, նրանք կարող են մասնակցել աուդիտորի ընտրությանը, ինչն արդեն շատ դրական երևույթ է՚,- հայտարարել է նա: Պատգամավորը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ շարժումը որակապես նոր քաղաքացիական շարժում է ձևավորել երկրում: ՙՇարժման անդամները պատասխանատու քաղաքացիներ են, ովքեր գիտակցել են, որ այժմ գնդակն իշխանությունների դաշտում է, և եթե աուդիտից հետո իրավիճակը չփոխվի, Բաղրամյան պողոտան կրկին կարող է պայքարի ՙդաշտ՚ դառնալ՚,- ասել է նա:
Հարությունյանը նաև ընդգծել է, որ ձևավորված շարժումը ցույց է տվել ընդդիմադիր ուժերի էությունը, որոնք, նրա կարծիքով, այնքան են թուլացել, որ չեն կարող մասնակցել քաղաքացիական շարժումներին:
Նշենք, որ հունիսի 19-ից Հայաստանում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշման: ՀԾԿՀ որոշմամբ, օգոստոսի 1-ից Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան 6,93 դրամով /ՀԷՑ պահանջած 17դրամի փոխարեն/: Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի սակագների բարձրացման բեռը` մինչև ՀԷՑ աուդիտի արդյունքների հրապարակումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր հերթին ասել է, որ ՀԷՑ-ում աուդիտը կարող է տևել 3-6 ամիս: