Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը, այդ առնչությամբ ձևավորված հասարակական բողոքը և ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունները շարունակում են օրվա գլխավոր թեման մնա:
ՙԿարծում եմ, որ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն ասելու բան ունի ստեղծված իրավիճակի առնչությամբ, և իշխանությունները տեղեկացված են այդ մասին: Ընկերության $200 մլն պարտքը չէր կարող մեկ օրում ձևավորվել: Ինձ թվում է, որ այստեղ առկա են ստվերային պայմանավորվածություններ: Կարծում եմ, այս պայմաններում Բիբինի լռությունը շատ բանի մասին է վկայում՚,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Խոսելով ընկերությունում նախատեսվող աուդիտի մասին`Ալավերդյանը խոստովանել է, որ թերահավատորեն է վերաբերում այդ մեթոդին: ՙԱռաջինը`դա արդեն ընկերության երկրորդ աուդիտը կլինի: Երկրորդ`ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշում չի ընդունվել. այդ ամենը դեռ խոսակցությունների մակարդակով են՚,- ասել է նա:
Ալավերդյանի կարծիքով, բացասական գործոն է այն, որ իշխանությունները փորձում են ձևավորված բողոքին պատասխանել հին մեթոդներով: ՙԻշխանությունները չեն փոխում կառավարման իրենց ոճը: Իսկ այդ հնացած մեթոդներով չի կարելի կառավարել ժամանակակից հասարակությանը՚,- հայտարարել է Ալավերդյանը: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ որոշում էր կայացրել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները 6,93 դրամով բարձրացնելու մասին, մինչդեռ ՀԷՑ-ը 17 դրամով բարձրացնելու հայտ էր ներկայացրել: Հունիսի 19-ից ՙՈչ թալանին՚ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները Երևանում բողոքի ցույցեր ու հանրահավքներ էին անցկացնում` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման:
Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի սակագների բարձրացման բեռը` մինչև ՀԷՑ աուդիտի արդյունքների հրապարակումը:
Ավելացնենք, որ ՀԷՑ ՓԲԸ ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 150 մլրդ դրամ, որից շուրջ 37 մլրդ ներքին, իսկ 220 մլն դոլար` արտաքին պարտք: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ին կայացած նիստում որոշել է ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառել տուգանքներ՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամի չափով` նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար: ՀԷՑ-ը խախտել է նաև էլեկտրական ցանցերին սպառողների միացման ժամկետը, հայտ ներկայկացնողներից պահանջել է սահմանված վճարումնից զատ վճարել նաև էլցանցին միացման աշխատանքների ծախսերի դիմաց` հետագա 5 տարում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների հաշվին մարելու պայմանով