ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 8-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, քննարկելով վերը նշված հարցը, ՀԾԿՀ համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագիրը, որը կազմում է 8 587,80 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:
2015 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաև` այլ աշխատանքների իրականացմանը:
Այդ գումարից ավելի քան 5 մլրդ դրամ կուղղորդվի նոր սպառողների միացմանն ու հատուկ ծրագրերի իրագործմանը, ավելի քան 2 մլրդ դրամ` էլեկտրաէներգիայի անջատման հաճախականության և տևողության միջին ցուցանիշի պահպանմանը, անվտանգության ապահովմանն ու մաշված սարքավորումների փոխարինմանը, 353.5 ,լն դրամ` այլ ներդրումներ են, որոնք նախատեսված են բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպմանը, 545.3 մլն դրամ` չնախատեսված ներդրումներ, 344.3 մլն դրամ` առևտրային հաշվրարկի համակարգի բարելավմանը և այլն: Նիստի ընթացքում ընկերությունը նաև պարտավորվել է մինչև հոկտեմբերի 15-ը ՀԾԿՀ հաստատմանը ներկայացնել 2016-218 թթ. ներդրումային ծրագիրը:
Նիստի ընթացքում ՀԷՑ գլխավոր տնօրենն ասել է, թե ընկերությունը պատրաստ է կատարել 2015 թվականի ներդրումային ծրագիրը և կփորձի տեղավորվել ժամկետներում, որոնք, նրա ասելով, չափազանց սեղմ են. մինչև 2015 թվականի ավարտը մնացել է 6 ամիս:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ որոշում էր կայացրել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները 6,93 դրամով բարձրացնելու մասին, մինչդեռ ՀԷՑ-ը 17 դրամով բարձրացնելու հայտ էր ներկայացրել: Հունիսի 19-ից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները Երևանում բողոքի ցույցեր ու հանրահավքներ էին անցկացնում` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման: Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թր կառավարությունն իր վրա կվերցնի սակագների բարձրացման բեռը` մինչև ՀԷՑ աուդիտի արդյունքների հրապարակումը: Նա նաև չբացառեց ընկերությունն ազգայնացնելու հնարավորությունը: ՀԷՑ ՓԲԸ ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 150 մլրդ դրամ, որից շուրջ 37 մլրդ ներքին, իսկ 220 մլն դոլար` արտաքին պարտք:
Նշենք, որ ՀԷՑ ՓԲԸ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ 100%-անոց դուստր ընկերություն է, որն ստեղծվել է 2002 թվականին` էլկետրաէներգիայի բաշխման և սպառման չորս տարածաշրջանային պետակյան ընկերությունների ձուլման արդյունքում: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կմ: Ընկերությունն սպասարկում է շուրջ 985 հազար սպառողների: ՀԷՑ-ն ունի ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման բացառիկ լիցենզիա: