Ռուսաստանը կիրառում է շանտաժի մեթոդը, որպեսզի Հայաստանին և Ուկրաինային ստիպի ուղղությունը փոխել դեպի Մաքսային Միություն: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքերով, շանտաժի ենթարկելով այդ երկրներին, Ռուսաստանը հիմնական շեշտը դնում է այն տնտեսական և ռազմավարական շահերի վրա, որոնց բախվել են այդ երկրները: Օրինակ, Հայաստանին շանտաժի ենթարկելու իր փորձերում Ռուսաստանը հիշեցրել է Երևանի կախվածությունն անվտանգության հարցերից և էներգակիրներից: Բայց ամենահատկանշականը, ըստ Սաֆարյանի, դա անձնական շանտաժն է: «Եթե այդ երկրների համար ազգային նմշանակություն ունեցող հարցերը քննարկելիս այդ երկրների ղեկավարները բանակցում և մի քանի ամսում որոշումներ են ընդունում, ապա անձնական շանտաժի պարագայում որոշումն ընդունվում է հաշվված օրերի ընթացքում»,-նշել է կուսակցության քարտուղարը: Նա ընդգծել է, որ ժամանակին Բելառուսի հետ նույնպես Ռուսաստանը կիրառեց անձնական շանտաժի մեթոդը, մասնավորապես, այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշեմկոյի նկատմամբ:
Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարվելիք այցը, Սաֆարյանն այն բնութագրել է որպես «հետաձգված»: Նրա խոսքերով, այցը պետք է տեղի ունենար դեռ 1.5 տարի առաջ, իսկ այդ ժամանակահատվածքում Ռուսաստանի կողմից իրականացված աշխատանքը տվեցին իրենց արդյունքները, և Պուտինն այժմ Երևան է գալիս հստակ պատասխանների ետևից:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան: Կ.Դեմիրճյանիօ անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա բիզնես-ֆորում, որին կմասնակցեն ՌԴ և ՀՀ նախագահները, ինչպես նաև ռուսական և հայկական մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և գործարարներ:
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը, հետագայում միանալով նաև Եվրասիական տարածքի հետագա ինտեգրմանը, որից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրեցին համատեղ հայտարարություն: Իսկ մինչ այդ, սկսած 2010 թվականից, Երևանն ակտիվորեն բանակցում էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի շուրջ, որը նախատեսվում էր ավարտել 2013 թվականի նոյեմբերի, Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում: Մաքսային միությունն ստեղծվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում, որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսական ինտեգրման ձև, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք: Ընդ որում, մաքսային միության անդամ-երկրները կիրառում են միասնական մաքսային սակագներ և երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: