Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյան չի հավատում Համաշխարհային բանկի կողմից ՙՆաիրիտ՚ գործարանում իրականացված աուդիտի արդյունքներին: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, ՀԲ-ին ձեռնտու չէ հայկական գործարանի վերագործարկումը, քանի որ վերջինիս դոնոր երկրները, մասնավորապես`ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Ճապոնիան, արդեն ունեն կաուչուկի գործարաններ և չեն ցանկանում ևս մեկ մրցակից ունենալ`ի դեմս ՙՆաիրիտի՚: ՙԳործարանի արտադրանքը կարող է ընդհանուր շուկայի 5%-ը զբաղեցնել, դրա հիմնական մասը, վերագործարկման դեպքում, կուղղվի ամերիկյան շուկա՚,- հայտարարել է նա: Ըստ որում, Սաֆարյանն ավելացրել է, որ Հայրենական ապրանք արտադրողների միությունը ՙՆաիրիտի՚ վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել կառավարությանը, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել:
Հունիսի 9-ին ՀՀ խորհրդարանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան նույնպես կասկած է հայտնել Համաշխարհային բանկի ՙանաչառության՚ հարցում: Մասնավորապես, քաղաքական գործիչը նկատել է, որ ինչպես 2011, այնպես էլ 2013 թվականներին գործարանում քլորոպրենային կլաուչուկի և բուտադիոնի արտադրության տեխնիկական և բնապահպանական աուդիտն իրականացրել է Jacobs Consultancy Ltd ընկերությունը, և արդյունքները կտրականապես տարբերվում են վերջինիս արդյունքներից: ՙՆշանակում է, որ տեղի են ունենում ինչ-որ խարդախություններ, և փորձում են Հայաստանին զրկել քիմիական լուրջ արդյունաբերություն ունեցող երկիր դառնալու հնարավորությունից, հետևաբար, անհրաժշտ է այդ հարցը քննարկել համապատասխան հանձնաժողովում՚,-հայտարարել է նա:
Մայիսի 13-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ ըստ Համաշխարհային բանկի նախնական գնահատակաների, Երևանի ՙՆաիրիտ՚ գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ: Նրա խոսքով, վերագործարկման համար կպահանջվի առնվազն 250 մլն.դոլար: Բայց ներդրողների ի հայտ գալու պարագայում էլ պարզ չէ` արդյո՞ք գործորանը կունանա իր արտադրանքի գնորդներ, և արդյո՞ք միջազգային շուկայում կլինի մրցունակ: Նա հիշեցրել է, որ արդեն 4 տարի պարապուրտի մեջ գտնվող գործարանում ստեղծվել է շատ բարդ ֆինանսական իրավիճակ: Միայն աշխատավարձի գծով պարտքերը կազմում են 5.7 մլրդ դրամ` չհաշված սոցիալական վճարները և եկամտահարկերը: Գործարանի 2400 աշխատողից այժմն մնացել է 480-ը, ովքեր հիմնականում զբաղված են ձեռնարկության ավտանգության պահպանման հարցերով:
Նշենք, որ գործարանի ընդհանուր պարտքը հասել է 50 մլրդ դրամի (մոտ 130 մլն դոլար): Մինչև 50-ական թվականների ավարտը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերի 89,999 %-ը վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը պատկանում է 4,496%, ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին (ներկայում` ՙԳազպրոմ Արմենիա՚)` 3,596%-ը ՙԵրևանի ՋԷԿ՚ ՓԲԸ-ին` 1,907%: ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերը գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլարի վարկի դիմաց, որը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով, 12,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: