ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորամուծության շնորհիվ, սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ: Նմանապես՝ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիա) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդներն այսուհետ կարճ հաղորդագրությունները կստանան կյուրեղատառ (ռուսատառ):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կշարունակեն ստանալ իրենց կողմից նախկինում կատարված կարգավորումներից ելնելով՝ այսինքն այն լեզվով, որով մինչև այժմ այդ հաղորդագրությունները ստանում էին:
Փորձարկման փուլում գտնվող նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ:
«Հայատառ կամ ռուսատառ կարճ հաղորդագրություններ ուղարկելու նախաձեռնության նպատակը տեղեկատվությունը նախընտրած լեզվով ստանալու՝ բաժանորդների ցանկությունը բավարարելն է: Այս որոշման հիմքում ընկած է ընկերության այն համոզմունքը, որ տեխնիկական հնարավորությունները պետք է առավելագույնս համապատասխանեցվեն բաժանորդի ցանկությանը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է ևս մեկ նորամուծություն: Ընկերության սպասարկման կենտրոններում մատուցված ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, կատարված գործարքի վերաբերյալ կստանան ծանուցում՝ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ինչպես ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, այդպես էլ SMS-ծանուցումները կստանան լատինատառ, ռուսատառ կամ հայատառ՝ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք, ի դեպ, կարող են փոխվել՝ ըստ բաժանորդի ցանկության:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: