Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն իր երկրի կառավարությանը տեղեկացրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Բաքվի բողոքի նոտայի մասին, հայտնում է TURAN-ը:
Ինչպես հայտնել է Մոնիեն ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, ՙՖրանսիան չի խրախուսում անջատվողականությունը և ըմբռնումով է վերաբերում Սահակյանի այդ այցի առնչությամբ Ադրբեջանի մտահոգությանը: ՙՄիաժամանակ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող կանխել առանձին անձանց միջև շփումները՚: Նշենք, որ մայիսի 18-21-ը Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Ֆրանսիա: Այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել ֆրանսիական կողմի հետ, ինչպես նաև համագործակցության վերաբերյալ պայմանագրեր են ստորագրվել Ֆրանսիայի և Ղարաբաղի մի քանի քաղաքների միջև: Այդ փաստը հարուցել է Բաքվի դժգոհությունը, ինչի առնչությամբ ԱՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: