Մայիսի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լատվիա` մասնակցելու ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են սեփական աղբյուրները:
Միևնույն ժամանակ մայիսի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ Լատվիայի մայրաքաղաքում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստանին կարող է նոր հնարավորություններ ընձեռել: «Փաստթղթերի ողջ փաթեթն արդեն պատրաստ է, այն կարող է ընդունվել Ռիգայի գագաթնաժողովում, սակայն այդ փաստաթղթերն առայժմ բանակցությունների փուլում են, ես չեմ կարծում, որ այս պահին ճիշտ կլիներ հրապարակել մանրամասներ: Սակայն կարող եմ հստակ ասել, որ մենք չենք սահմանափակվի միայն քաղաքական համագործակցությամբ: Բոլոր այն ուղղությունները, որոնք նախանշված էին 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ, այդ փաստաթղթում պետք է հաստատվեն և ստորագրվեն», - ասել է ԵՄ դեսպանը:
Եվրամիությունը, Հրիսթեայի ասելով, հետևում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Ինչպես Վենետիկի հանձնաժողովը, այնպես էլ Եվրամիությունը կարևորում է կառավարող ՀՀԿ կողմից լայն քաղաքական համախմբման ձևավորումը երկրի հիմնական օրենքի փոփոխման հարցում: