Տիգրան Ուրիխանյանն ընտրվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ, որի հիմնադիր համագումարը կայացել է մայիսի 16-ին Երևանում:
Իր խոսքում Ուրիխանյանը նշել է, որ նոր կուսակցության ստեղծումը հանրային պատվեր է: Նա հիշեցրել է, որ տարեսկզբին ձախողվեց ընդդիմադիր ուժերի դաշինքը, սակայն երկրում գոյություն ունեցած խնդիրները մնում են չլուծված: «Առաջվա նման գոյություն ունի 40% աղքատություն, գործազրկություն, տնտեսության անկում, մարդիկ առաջվա նման հեռանում են հայրենիքից` հուսալքված, և նման պայմաններում միթե՟ չկա նման կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն», - նշել է նա: Քաղաքական գործիչն ընդսմին նշել է, որ «Ալյանսը» մտադիր է իրականացնել ոչ միայն քաղաքական սերնդափոխություն, այլև փոփոխություն իշխանության մտածողությունում: «Մենք մտադիր ենք համալրել և ամրապնդել ընդդիմության շարքերը», - ընդգծել է նա:
Մեկնաբանելով նոր կուսակցության ստեղծումը` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նոր քաղաքական ուժը մտադիր է իրականացնել համակարգային բարեփոխումներ: Նրա ասելով, ընդդիմադիր դաշտը սահմանափակումներ չունի, և ոչ մի խոչընդոտ չկա տարբեր հարցերի շուրջ կուսակցությունների միջև համագործակցության համար: «Երկրում առկա խնդիրները չեն լուծվում, ընդհակառակը, օրեցօր իրավիճակը բարդանում է, հետևաբար, համագործակցությունն ընդդիմադիր կուսակցությունների միջև կարևոր է», - նշել է նա:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին նշել է, որ եթե կուսակցությունը կարողանա առաջին պլան մղել ժողովրդի շահերը և հետին պլան` անձնականը, ապա կարող է հասնել հաջողության: Նա նաև նշել է, որ ցանկացած նոր քաղաքական ուժ մրցակից է արդեն գոյություն ունեցողների համար, սակայն եթե գտնվեն ընդհանուր գաղափարներ, կարելի է սկսել համագործակցություն: ՀՅԴ և «Ալյանսը» կարող են գտնել հարցեր, որոնց լուծումը հնարավոր է համատեղ ուժերով, սակայն համագործակցության հետագա զարգացումը կախված է բացառապես նոր քաղաքական ուժից», - նշել է նա:
Նշենք, որ համագումարին ներկա են եղել ԲՀԿ շարքերից հեռացած սակայն կուսակցության խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, Արագած Ախոյանը և Բազմասեր Առաքելյանը: