Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) 24-րդ տարեկան ժողովը տեղի է ունենում Թբիլիսիում, ս. թ. մայիսի 14-15-ը, որին մասնակցում է 60 երկրի ավելի քան 2000 ներկայացուցիչ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
այս տարի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովն անցկացվում է տարածաշրջանի առաջատար հաստատությունների և համաշխարհային գործընկերների աջակցությամբ, որոնց շարքում են Վրաստանի բանկը (համաժողովի գլխավոր գործընկեր), Յունիկրեդիտը (համաժողովի ավագ գործընկեր), Ռայֆայզեն Բանկ Ինտերնեշնլը (համաժողովի ավագ գործընկեր), «Ակֆեն» ընկերությունը (հատուկ միջոցառումների գործընկեր) և Ամերիաբանկը (համաժողովի գործընկեր և միջոցառումը հովանավորող առաջին հայկական բանկը):
«Ամերիաբանկը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում և ՓՄՁ-ների համար: Համագործակցության արդյունքում իրականացվել են երկրի տնտեսության զարգացման համար մի շարք կարևոր նախագծեր` ուղղված էներգետիկայի, հեռահաղորդակցության, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,-նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առաջին օրվանից` 2010թ. սեպտեմբերի 30-ից սկսած, Ամերիաբանկն Առևտրի աջակցման ծրագրի ներքո (TFP) ընդհանուր առմամբ կնքել է առևտրի ֆինանսավորման շուրջ 75 մլն ԱՄՆ դոլարի գործարք:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ամերիաբանկը տնտեսության վարկավորման ծավալով հանդիսանում է շուկայի առաջատարը - ավելի քան 215 մլրդ դրամ, տարեկան աճը` 44%: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի միակ սեփականատերն է Ameria Group CY ՍՊԸ-ն: 2015 թվականի մայիսին Fitch գործակալությունը բանկին շնորհեց արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (B պլյուս) վարկանիշ` բացասական հեռանկարով (Long-term Issuer Default Rating (IDR)), ինչն աշխարհում բարձր գնահատական է համարվում: