Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վաղարշակ Հարությունյան. Հայաստանի նկատմամբ Թուրքիայի զգուշավորությունը մեծանում է`Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումների քանակին զուգահեռ

$
0
0

 Մի քանի օր առաջ համայն հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Ձեր կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ի՞նչ ազդեցություն է ունենում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքներից Հայաստանի անվտանգության ապահովման վրա:

 

Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և Հայաստանի անվտանգության միջև փոխկապակցվածությունն ակնհայտ է: Որքան շատ երկրներ են ճանաչում թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրականացման փաստը, այնքան ավելի մեծ զգուշավորություն է Թուրքիան ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Անկարայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի հետ հակամարտության կամ որևէ այլ երկրի այդ հակամարտության դրդելու դեպքում իր դիրքերը խիստ թույլ և խոցելի կլինեն`առնվազն Ցեղասպանությունը ճանաչած պետություններում ու կառույցներում:

Ասեմ ավելին, առկա իրավիճակի գիտակցում Թուրքիայում կա: Անկարայում միշտ հաշվի են առնում հայերի նկատմամբ իրագործված Ցեղասպանության փաստը`հասկանալով, որ այդ եղելությունը թույլ չի տա իրենց արդարացնել Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգությունը`առնվազն այդ փաստը ճանաչած երկրների աչքում:

 

Այլ կերպ ասած`ղարաբաղյան ժողովրդի նկատմամբ ագրեսիայի կրկնման դեպքում Ադրբեջանին Թուրքիայի միակ օգնությունը ռազմական հրահանգիչներն են և սպառազինությունը: Այսինքն`այն աջակցությունը, որն այսօր արդեն վերջինիս ցուցաբերվու՞մ է:

 

Ադրբեջանում հնարավոր է իրավիճակի զարգացման մի քանի տարբերակ: Ահա դրանցից մեկը. որոշակի պայմաններում Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանին ռազմական գործողությունների դրդել հայկական պետությունների նկատմամբ`երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման և, գլխավորը, փոխհատուցման հարցում սպառնալիքների մակարդակը նվազեցնելու նպատակով: Այլ հարց է, թե արդյոք Ադրբեջանը, որն իր հերթին կախված է մի շարք արտաքին գործոններից, կգնա դրան: Այս առումով Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսակետից Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը միանշանակ ճիշտ ուղղությամբ է ընթանում, ավելին`այն այլընտրանք չունի:

 

Ադրբեջանի շարունակվող ռազմականացումն արդեն հանգեցրել է ադրբեջանական և մեր ԶՈւ միջև ասիմետրիայի: Եվ այսօր դա սպառնում է վերացնել հավասարակշռությունը, որի վրա հիմնված է 1994 թ. ստատուս-քվոն: Այդ միտումները Ձեզ չե՞ն մտահոգում:

 

Անձամբ ինձ համար ակնհայտ է, որ զինվելով հանդերձ` Ադրբեջանը չի անցնում սահմանը, ինչից հետո ղարաբաղյան հակամարտությունը կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել: Դա վկայում է այդ պատերազմի ելքի առնչությամբ Բաքվի վստահության բացակայության մասին: Այդ վստահությանը խանգարող հանգամանքները մի քանիսն են, սակայն գլխավորը`մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակն է:  Ադրբեջանի ազգային անվտանգությանը սպառնալիքներն բազմավեկտոր բնույթ են կրում: Դրանք բխում են ոչ միայն հայկական հանրապետություններից, այլ նաև Իրանից, Թուրքմենիայից, Կասպյան ավազանից: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ունեցած կենդանի ուժի և տեխնիկայի քանակական առավելությունը միայն մեր ուղղության վրա չէ կենտրոնացած: Վերլուծելով Բաքվի ռազմական գնումները`տեսնում ենք, որ դրանց հիմնական մասը բաժին է ընկնում ռազմածովային ուժերի ամրապնդմանը`նավեր և առափնյա հրթիռային համալիրներ: Այդ սպառազինությունը գնվում է անմիջապես Ռուսաստանից և միջնորդավորված`ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով, ԱՄՆ-ից: Այլ կերպ ասած`Ադրբեջանի ռազմական բյուջեն բաշխվում է առնվազն երեք ուղղությամբ, իսկ բոլոր խոսակցությունները, թե ՙԱդրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն՚, հեքիաթներ են: Առանձին հարց է այդ սպառազինությունների օգտագործման արդյունավետությունը, ինչը բարձր չէ: Դրան գումարելով Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակը`մենք ստանում ենք Բաքվի բյուջեի ամբողջական պատկերը: Այն, որ իրենց ուռճացված ռազմական բյուջեի հիմնական բաժինը խժռում է կոռուպցիան, փաստ է:

 

Կարելի՞ է արդյոք համեմատել Ղարաբաղյան հակամարտության կողմերի սպառազինությունների անհամաչափությունը 90-ական թթ. սկզբին և այսօր:

 

Համոզված եմ, որ միայն սպառազինությունների և կենդանի ուժի առավելությամբ Ադրբեջանն ի վիճակի չէ Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ելքը վճռել: 1991-94 թթ. հակառակորդը մի քանի անգամ առավելություն ուներ մեր նկատմամբ. ռազմամթերքի`25-30 անգամ, տանկերի`4 անգամ, ավիացիա այդ ժամանակ ընդհանրապես չունեինք, նրանք շուրջ 70 ինքնաթիռ ունեին: Բնական է, որ այսօր ԶՈւ սպառազինման տարբերությունը շատ ավելի քիչ է: Էլ չեմ խոսում այն մասին, որ ղարաբաղյան պատերազմի բոլոր փուլերում շփման գիծն աշխարհագրական առումով միշտ Ադրբեջանի օգտին է եղել: Սկզբում Ղարաբաղն ընդհանրապես մեկուսացված էր Հայաստանից: Այդ պատճառով գնահատելով շփման գծը, աշխարհագրական դիրքը, սպառազինությունների հարաբերակցությունը, ռազմաքաղաքական միությունները, ընդհանուր առմամբ աշխարհում տիրող իրավիճակն այն ժամանակ և այսօր`տեսնում ենք, որ շատ պարամետրերով իրավիճակը հակամարտության հայկական կողմերի օգտին է:  Բաքվում շատ լավ հասկանում են իրավիճակը`դրանից բխող բոլոր հետևանքներվ, որոնցից գլխավորը գործող ստատուս-քվոյի անխախտելիությունն է: Այդ մասին է վկայում  Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Վասյակի հայտարարությունը, ըստ որի`Ռուսաստանը երբեք ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմական սցենար թույլ չի տալ, քանի որ շահագրգռված չէ նոր պատերազմում: 

 

Որքանով կարելի է դատել ԶԼՄ-ների սուղ տեղեկատվությունից, Ադրբեջանի կողմից հարձակողական սպառազինության ցանկացած գնման ՀՀ ՊՆ-ն պատասխանում է զինատեսակների պակաս մասշտաբային գնմամբ, որոնք կարող են չեզոքացնել Բաքվի ձեռքբերումները: Գնահատեք նման արձագանքման արդարացվածությունը:

 

Հայաստանը և ԼՂՀ-ն ունեն ամենագլխավորը`կրակային միջոցներ, որոնք հասանելի են դարձնում Ադրբեջանի ռազմաարդյունաբերական բոլոր կենտրոնները: Դրանք ոչ միայն ՙՍկադ՚ հրթիռներ են, այլ նաև հեռահար հրաձգության համազարկային կրակի համակարգեր, ՙՏոչկա՚ տակտիկական համալիրներ: Նման գործողությանը հակազդման հակամիջոցներ ադրբեջանական զինված ուժերը չունեն: Հակահրթիռային պաշտպանություն Ադրբեջանը չունի`չնայած նրանք փորձում են այն ստեղծել` ռադիոտեղորոշիչ հետախուզության համակարգեր գնելով Իսրայելից: Ասեմ նաև, որ աշխարհում հակահրթիռային պաշտպանության որևէ համակարգ ներկայիս հրթիռներից պաշտպանություն չի երաշխավորում:  Հակառակորդի ռազմական և տնտեսական գլխավոր օբյեկտները Հայաստանի և ԼՂՀ հարձակողական սպառազինությունների խոցման շառավիղում պահելը հայկական ԶՈւ գլխավոր նպատակն է: Հասկանալով, որ Ադրբեջանի եկամուտների ավելի քան 90%-ը ձևավորվում է նավթի վաճառքից`նավթամուղների ոչնչացումը լայնամասշտաբ պատերազմի դեպքում անխուսափելի է: Բաքուն ինքը նավթի տակառ է: 

 

Ի՞նչ կշահի Հայաստանը Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացման և իրանական աշխարհաքաղաքականության հետագա ամրապնդման դեպքում:

 

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իրանի ուժեղացումից միմիայն կշահի:

Ադրբեջանը տեղավորվում է Իրանի հյուսիսային տարածքներում բնակվող ադրբեջանցիների շրջանում անջատվողական տրամադրությունների միջոցով ԻԻՀ թուլացման Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Այդ պատճառով Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացման և իրանական աշխարհաքաղաքականության հետագա ամրապնդման դեպքում Բաքուն զգալի կորուստներ կկրի: Հաշվի առնելով Իրանի և Թուրքիայի բազմադարյա պայքարն այդ տարածաշրջանային տերություններին շրջապատող տարածաշրջանում առաջատարության համար`ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերացումը, անկասկած, ուժեղ հարված կլինի Անկարայի համար: Իսկ Թեհրանի հետ գործընկերային լավ հարաբերություններ ունեցող և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դիմակայության մեջ գտնվող Հայաստանը հարավային հարևանի ամրապնդմամբ, միմիայն շահագրգռված է: Ուժեղ Ռուսաստանը նույնպես միանշանակ բխում է Հայաստանի շահերից, եթե, իհարկե, Երևանի արտաքին քաղաքականությունը հանկարծ 180 աստիճանով չմտածված շրջադարձ չկատարի: Այդ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել դրության մեջ, որում Վրաստանն էր հայտնվել 2008 թ. օգոստոսին: Հայության համար այսօր երկու ռազմավարական հարց է կարևոր`Ղարաբաղը և Ցեղասպանության ճանաչումը: Այս երկու հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է և արտահայտվում է հետևողականորեն մեզ ցուցաբերվող աջակցությամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles