«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ապրիլի 30-ին Երևանում ներկայացրել է
«Հայաստանի oրինավորության ազգային համակարգի գնահատում» զեկույցը, որում հետազոտված են 13 հաստատություններում և ինստիտուտներում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմներն ու երաշխիքները: Խոսքը վերաբերում է խորհրդարանին, նախագահին, գործադիր իշխանությանը, դատական համակարգին, քաղաքացիական ծառայությանը, իրավապահ մարմիններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, օմբուդսմենին, Վերահսկիչ պալատին, կուսակցություններին, ԶԼՄ-ներին, քաղաքացիական հասարակությանն ու բիզնեսին:
Զեկույցը բացահայտել է Հայաստանի դատական համակարգի անկախության թերությունները, մասնավորապես, նշել է կոռուպցիոն առումով դրա խոցելիությունը և կախվածությունը քաղաքական իշխանությունից: Նաև նշվել է, որ քաղաքացիական հասարակությունը և զանգվածային լրատվամիջոցները մնում են կոռուպցիայի դեմ պայքարի վրա ամենաթույլ ազդեցություն ունեցող ոչ պետական կառույցները: Կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդումն առաջվա նման մնում է ցածր մակարդակում: Չնայած հակակոռուպցիոն օրենսդրության գրագետ ձևակերպմանը, այնուամենայնիվ, դրա իրականացման գործում կան թերություններ: Զեկույցը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ով ներկա էր զեկույցի շնորհանդեսին, հիշեցրել է, որ 2013 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանն ու ԵՄ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ կշարունակեն համագործակցությունը մի շարք ոլորտներում, որոնք ներառում են օրենքի գերակայության ապահովում, դատական համակարգի բարեփոխում, բարեխիղճ կառավարում, պայքար կոռուպցիայի դեմ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, հաղորդակցություն և մի շարք այլ ուղղություններ:
Հրիսթեայի ասելով, զեկույցի շնորհանդեսը վկայում է այդ համագործակցության շարունակման և Վիլնյուսի պայմանավորվածությունների կատարման մասին: Եվրոպացի դիվանագետի ասելով, ոչ մի պետություն ապահովագրված չէ կոռուպցիայից, և միայն ժամանակին ու համախմբված պայքարը կարող է արմատախիլ անել այդ չարիքը: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոռուպցիան բացասական ազդեցություն է գործում երկրի տնտեսության զարգացման վրա, քանի որ իշխանության ղեկին գտնվող մարդիկ համալրում են սեփական գրպանը` դրանով իսկ նվազեցնելով պետության տնտեսության զարգացումը», - նշել է նա:
Հրիսթեան համոզված է, որ կոռուպցիայի խնդրի հանդեպ քաղաքական և տնտեսական անտարբերության միաձուլումը հանգեցնում է հասարակության քայքայման և քաոսի: Դեսպանը նշել է, որ ԵՄ կշարունակի ֆինանսական աջակցությունը Հայաստանին` կոռուպցիան արմատախիլ անելու և դատական համակարգը բարելավելու համար` 2013 թվականին Հայաստանի կառավարության ընդունած հայեցակարգի համաձայն:
Նա նաև նշել է, որ ԵՄ կշարունակի զգալի միջոցներ հատկացնել քաղաքացիական հասարակությանը` այդ ծրագրերի իրացմանն աջակցելու համար: Նրա ասելով, Հայաստանից պահանջվում է ընդամենը բոլոր պայմանավորվածությունների բարեխիղճ կատարում: