Էստոնիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ուրմաս Պաետը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության օգտին Հայաստանի ընտրությունը կատարվել է Մոսկվայի ճնշման ներքո:
Ելույթ ունենալով Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիակազմ նիստում` Պաետը հայտարարել է, որ Հայաստանն առաջատար երկրներից մեկն էր «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ հետ ինտեգրման առումով: «Բայց հետո ի՟նչ տեղի ունեցավ: Մի գեղեցիկ օր, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը, դժբախտաբար, չի կարող նախաստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, քանի որ մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Կարծում եմ` մենք բոլորս հասկանում ենք, և Հայաստանն` առաջին հերթին շատ լավ գիտակցում է, թե ինչպես է կատարվել այդ ընտրությունը», - հայտարարել է Էստոնիայի ներկայացուցիչը:
Նրա կարծիքով, Եվրամիությունը պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի իր արևելյան գործընկերներն ազատ լինեն իրենց որոշումներում և գործողություններում: