ՙԱյս շաբաթը կարելի է մեզ համար իսկապես ՙեվրոպական շաբաթ՚ համարել. ուրախ ենք Երևանում հյուրընկալել ՙԵվրանեսթ՚-ի նիստը, որից հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երևանում տեղի կունենա նաև Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Լավ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՚,- ՙԵվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
ՙ
Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը:
Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության և գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը:
Մենք կարևորում ենք քաղաքացիների շփումները խթանելու և ԵՄ հետ ազատ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ քայլերը: Ակնկալում ենք նաև խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում:
Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի ձևավորել նոր մոտեցումներ և ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից փոխադարձաբար լավագույնս օգտվելու հնարավորություն` ամրապնդելով համագործակցությունը և խուսափելով նոր առճակատումներից եվրոպական մայրցամաքում:
Մենք ելնում ենք այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, և Եվրոպական միության հետ խոր և ընդգրկուն օրակարգը: Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել և տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը և երկխոսությանը՚,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: